Տիգրանի պատմությունը. Դուք լրագրող եք, զբաղվեք երեխայով. Նելլի Դուրյան
21/12/2012 19:31

Տիգրանի պատմությունը. Դուք լրագրող եք, զբաղվեք երեխայով. Նելլի Դուրյան

9-ամյա Տիգրանի ճակատագիրը շարունակվում է անորոշ մնալ: Երեկ Aysor.am-ն անդրադարձել էր փոքրիկի ճակատագրին և տեղեկացրել, որ այսօր երեխայի պապիկը խոստացել էր առավոտյան տանել նրան ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն՝  «անհանգստանալով երեխայի համար»:

Սակայն ինչպես պարզեցինք, երեխային որևէ մեկը որևէ տեղ չէր տարել, և նա, նախկինի պես, շարունակում է մնալ Շրջանայինի գետնանցումում:

Aysor.am-ի թղթակցի ահազանգին, թե երեխան կրկին գետնանցումում է, ՄԻՊ  աշխատակազմի երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը հավաստիացրեց, որ ինքն անձամբ կահազանգի Ոստիկանություն, որպեսզի երեխային տանեն ՀՕՖ:

Նշենք, որ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այսօր համապատասխան գրություններ է ուղարկել Ոստիկանություն, ՀՀ կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ:

ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանից փորձեցինք ճշտել երեխայի հետագա ճակատագրի հետ կապված որոշ հարցեր. ի պատասխան նա ասաց, որ երբ երեխան հայտնաբերվի, պարզ կլինի «ինչ ենք անելու նրա հետ»:

«Հավանաբար պետք է նրան տեղափոխենք երեխաների աջակցության կենտրոն, տեսնենք` ինչ պետք է արվի… Ընտանիքի հետ, երեխայի հետ պետք է համալիր աշխատանք տանել»,- ասաց տիկին Դուրյանը:

Հարցին, թե ե՞րբ պետք է իրենց աշխատակիցները գնան Տիգրանի հետևից,  Ն. Դուրյանն արձագանքեց. «Եթե գիտեք, որ երեխան գետնանցումում է, ինչո՞ւ Դուք, որպես քաղաքացի, որպես լրագրող, ինքներդ չեք մոտենում երեխային, եթե գիտեք, որ երեխան դժվար վիճակում է, Դուք լրագրող եք…»

Նշենք, որ դեռ դեկտեմբերի 19-ին, երբ ստացանք ահազանգը, կապ հաստատեցինք Ն. Դուրյանի հետ, նա ասաց, որ տեղեկատվություն ստանալու համար պետք է զանգահարել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն, զանգեցինք նաև այնտեղ, որտեղից մեզ հայտնեցին, որ ո’չ դպրոցի տնօրինությունից, ո’չ էլ երեխայի ընտանիքից ահազանգ չեն ստացել, հետևաբար՝ չեն կարող գործել:

Տիկին Դուրյանը հիշեցրեց կարգը, որ պետք է զանգահարել Ոստիկանության լրատվական վարչություն և «ոչ թե զանգել բաժնի պետին և հարցեր տալ»:

Ստացվում է՝ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչությունն այդքան էլ չի հետևում Տիգրանի պատմությանը. մենք 3 օր շարունակ ոստիկանությանը տեղեկացնում ենք Տիգրանի գոյության, խնդիրների ու հատկապես գտնվելու վայրի մասին:

Վերադառնալով երեխային` Ն. Դուրյանն ասաց. «Եթե երեխան հայտանբերվի, ասենք՝ մուրացկանություն է անում կամ փողոցում թափառաշրջիկությամբ է զբաղվում, ապա երեխան, ըստ ամենայնի, կտեղափոխվի աջակցության կենտրոն»,- նշեց Դուրյանը` հավելելով, թե Ոստիկանությունն անելու է այն աշխատանքը, ինչն իրեն վերապահված է:

Հարցին, թե իրենց աշխատակիցներն արդեն այսօր կգնա՞ն երեխայի հետևից, անչափահասների գործերով բաժնի պետը հիշեցրեց, որ ես լրագրող եմ և ամեն կերպ փորձում եմ հարցիս պատասխանը ստանալ:

Ընդգծենք, որ Ն. Դուրյանի կոչով կրկին ահազանգեցինք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն. աշխատակից Արմեն Մալխասյանը, նախորդ անգամների պես, ասաց, որ իրենք ահազանգ չեն ստացել: Նրան տեղեկացրինք, որ ՄԻՊ-ի գրասենյակից արդեն իսկ հաղորդում կա, ի պատասխան Ա. Մալխասյանն ասաց, որ կպարզի և կապատասխանի: Մեր հաջորդ հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

Հ.Գ. ՄԻՊ գրասենյակը միակ կառույցն էր, որին ի սկզբանե հուզեց Տիգրանի պատմությունը:

Նախորդող հրապարակումներ՝ Տիգրանը կապրի ՀՕՖ-ում՝ մինչև մոր ազատ արձակումը

«Գետնանցումի որդին». Տիգրանի պատմությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեր Տիգրանը. Մեծ պատմություն փոքր տղայի մասին՝ շատ անհայտներով

Տիգրանի պատմությունը. Դուք լրագրող եք, զբաղվեք երեխայով. Նելլի Դուրյան