Ադրբեջան գերեվարված ու սպանված ՀՀ քաղաքացու պաշտպանը կդիմի ՄԻԵԴ
22/12/2012 15:38

Ադրբեջան գերեվարված ու սպանված ՀՀ քաղաքացու պաշտպանը կդիմի ՄԻԵԴ

Ադրբեջան գերեվարված ու սպանված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի գործի շրջանակներում դիմողների ներկայացուցիչ Արա Ղազարյանը հավանաբար հաջորդ տարվա հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարան կներկայացնի հավելյալ փաստարկներ՝ հիմնավորելու, որ Սարիբեկյանը հայատյացության զոհ է դարձել։ Ըստ այդմ՝ փաստաբանը նախատեսում է Եվրոպական դատարանին որոշակի տեղեկություններ տրամադրել նաև ոճրագործ Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Ա.Ղազարյանը նշել է, որ դրանք հիմնավորում են իր այն պնդումները Մանվել Սարիբեկյանի գործով՝ Մ.Սարիբեկյանն ու քնած ժամանակ Ռ.Սաֆարովի կողմից կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը Ադրբեջանի քաղաքականության զոհ են դարձել: Մ.Սարիբեկյանի ծնողների՝ Մամիկոն Սարիբեկյանի և Սիրանուշ Բալյանի ներկայացուցիչը գտնում է, որ Մ.Սարիբեկյանին խոշտանգել ու սպանել են զուտ այն հիմքով որ նա հայ է:

«Սաֆարովի գործի շուրջ զարգացումները հիմնավորում են իմ այս պնդումները. Սաֆարովի գործով մենք տեսնում ենք այնպիսի գործողություններ Ադրբեջանի բարձրագույն իշխանության կողմից, որը որևէ կապ չուներ դատապարտված անձանց տարհանձնելու մասին կոնվենցիայի նպատակների հետ, փաստաթղթի նպատակն է ցանկության դեպքում անձին հնարավորություն տալ պատիժը կրել իր երկրում, այլ ոչ թե անձին պատժից ազատելը: Փաստերը ցույց են տալիս, որ քողարկված նպատակը հենց դա է եղել»,- ասել է Ա.Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում 2004թ. փետրվարին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան։ Հայրենիք ժամանելուն պես մարդասպանը ներման, ավելին՝ պարգևների արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Նույն օրը Հայաստանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին։

Ա.Ղազարյանը պարզաբանել է, որ եթե Գուրգեն Մարգարյանի հարազատները դիմեն ՄԻԵԴ, այդ դեպքում հնարավոր կլինի զուգահեռներ անցկացնել երկու ոճիրների միջև: Զուգահեռն, ըստ Ա.Ղազարյանի, միայն մեկն է՝ խտրականության հիմքով կյանքի իրավունքի խախտում. ՀՀ քաղաքացիները զոհ են գնացել միայն հայ լինելու համար: «Հենց այդ հիմքով էլ ժամանակն է, որ Հայաստանը որպես պետություն դիմի ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի: Թեզը միայն մեկն է լինելու, որ Ադրբեջանի պետական քաղաքականության արդյունքում յուրաքանչյուր էթնիկ հայ այդ քաղաքականության պոտենցիալ զոհ է զուտ նրա համար, որ նրանք հայ են ծնվել»,- ասաց Արա Ղազարյանը:

Դեռևս սեպտեմբերին Ա.Ղազարյանը երկու նամակ է ուղարկել ՄԻԵԴ: Գանգատի գործը քննող ստորաբաժանմանն ուղղված նամակում ներկայացուցիչը հայտնել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող Մ.Սարիբեկյանի սպանության քրեական գործի քննությունը կասեցնելու և դրա պատճառների մասին: Հայաստանի գլխավոր դատախազի` Ադրբեջանի իր պաշտոնակցին ուղղված ուղղակի և միջնորդավորված երկու հարցումները մնացել են անպատասխան և հնարավոր չի եղել շարունակել գործի քննությունը:

Եվս մեկ նամակ փաստաբանն ուղղել է Եվրոդատարանի նախագահին՝ բողոքելով Եվրոդատարանի աշխատակազմի կողմից անգործություն, ինչ-որ տեղ նաև կամայականություն ցուցաբերելու կապակցությամբ: Երեք դրվագներով նամակները ուշացումով են ուղարկվել գանգատաբերի ներկայացուցչին: Մասնավորապես, ամենակարևոր նամակը՝ դատարանի ամենաառաջին ծանուցումը Ա.Ղազարյանը ստացել է կես տարի հետո: Ընդ որում, որևէ բացատրություն չի տրվել, թե որտեղ է այդ նամակը գտնվել կես տարի: «Նամակի կորելու պատճառով ես ստիպված եմ եղել խախտել նախնական ժամկետ՝ դատարանի սահմանած ժամկետը, որի մասին տեղյակ չեմ եղել»,- նշեց Ա.Ղազարյանը:

Դիմողների ներկայացուցիչը ՄԻԵԴ նախագահին խնդրել է, որ եթե կա ծառայողական քննություն կատարելու կամ կարգապահական վարույթ հարուցելու ընթացակարգ՝ պատասխանատվության ենթարկել հիշյալ խախտումները թույլ տված աշխատակիցներին: Նամակով Ա.Ղազարյանը խնդրել է նաև արագացված կարգով քննել գործը՝ հաշվի առնելով, որ Մ.Սարիբեկյանի ծնողների գանգատում խոսք է գնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քաղաքականության հետևանքով կյանքի իրավունքի խախտման մասին:

Եվրոպական դատարան գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ Կյանքի իրավունք և 3-րդ՝ Խոշտանգում, հոդվածների հիմքով:

Գանգատում նշվում է, որ խախտվել է նաև նշված երկու հոդվածների դատավարական բաղադրիչը՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի ապահովել պաշտոնական անկախ հետաքննության անցկացում՝ մահվան և խոշտանգումների փաստերի հիմքով: Ավելին, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ իրավական պաշտպանության միջազգային կառուցակարգի՝ 1993թ. հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայի շրջանակներում, որի կողմ են նաև Հայաստանն ու Ադրբեջանը: Ադրբեջանն անարձագանք էր թողել ՀՀ գլխավոր դատախազության փոխօգնության վերաբերյալ հարցումները, որով Հայաստանի դատախազությունը խնդրել էր հայտնել, թե արդյոք Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվելու է քննություն Սարիբեկյան Մանվելի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ Գլխավոր դատախազությունը երաշխավորել էր նաև, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:

Գանգատի շրջանակներում վիճարկվում են նաև Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածները՝ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայության և ազգային ծագումից դրդված խտրականության դրսևորման հիմքերով:

Մանվել Սարիբեկյանը հայ-ադրբեջանական սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր: 2010թ. սեպտեմբերի 11-ի երեկոյան ժամը 17-ի սահմաններում Մանվել Սարիբեկյանն ընկերների հետ գնացել է գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտակա անտառից փայտ հավաքելու և իր ու գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որոնք կորել էին նախորդ օրը: Մանվելն առաջարկել է ընկերներին անտառում փայտ հավաքել, մինչև ինքը կորոնի անասուններին: Հանդամասում գտնվող ֆերմայի պահակից ձի վերցնելով, Մանվելը շարժվել է ֆերմայից քիչ հեռու գտնվող անտառապատ ձորակի ուղղությամբ, որտեղից այլևս չի վերադարձել: 

Ադրբեջան գերեվարված ու սպանված ՀՀ քաղաքացու պաշտպանը կդիմի ՄԻԵԴ