Անակնկալ չեղավ. ՕԵԿ-ն աջակցում է գործող Նախագահին
22/12/2012 12:57

Անակնկալ չեղավ. ՕԵԿ-ն աջակցում է գործող Նախագահին

Րոպեներ առաջ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարը:

Համագումարի օրակարգային հիմնական հարցը ՕԵԿ-ի դիրքորոշումն է` կապված 2013թ.-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների հետ:

Համագումարին ներկա է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ողջունեց ՀՀ Նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին:

Ա. Բաղդասարյանը նշեց, որ ՕԵԿ արտահերթ 11-րդ համագումարի աշխատանքներին մասնակցում է 2242 պատվիրակ:

Ընտրվեց համագումարի քարտուղարությունը, մանդատային և ձայների հաշվող հանձնաժողովի անդամները, ինչպես նաև` հաստատվեց համագումարի օրակարգը:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր ելույթում նշեց, որ ՕԵԿ-ը այս տարիների ընթացքում սերտ համագործակցել է ժողովրդսի հետ և փորձել է իրականացրել այն ծրագրերը, որ կուսակցությունը առաջ էր քաշել:

Նրա խոսքով` 2008 թ.-ին ՕԵԿ-ը ճիշտ որոշում են կայացրել, քանի որ այդ ժամանակ երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի շեմին: 

Ա. Բաղդասարյանը նշեց, որ իրենք շարունակելու են կանգնել Սերժ Սարգսյանի կողքին, համագործակցել են ՀՀԿ-ի հետ և միասնական քաղաքական թիմ ստեղծել:

«ՕԵԿ-ը կապ չունի կրիմինալի, թալանի հետ, տակից խաղեր չի տալիս և քաղաքականության մեջ առաջնորդվում են քաղաքական պայքարի մեթոդներով»,- ասաց Բաղդասարյանը:

Ա. Բաղդասարյանը նշեց, որ իրենք սատարելու են Սերժ Սարգսյանին, քանի որ նա կարողացավ հաղթահարել ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, զերծ պահել երկիրը սոցիալական կոլապսից:

Ա. Բաղդասարյանն ասաց, որ ՕԵԿ-ը մնում է բարեփոխումների և փոփոխությունների կողմնակից:

Նա հավելեց, որ Սերժ Սարգսյանը ունի բոլոր հնարավորությունները վերընտրվելու ՀՀ նախագահի պաշտոնում, ինչին աջակցելու է նաև ՕԵԿ-ը: 

Անակնկալ չեղավ. ՕԵԿ-ն աջակցում է գործող Նախագահին