.jpg)
Չինական սփյուռք. Ասիայի տնտեսական կայսրության ջատագովը
Չինական սփյուռքը կամ ինչպես չինացիներն են անվանում այն հուացյաոն բնակվելով աշխարհի բազմաթիվ երկրներում չեն մոռանում իրենց պատմական հայրենիքի մասին և իրենց ֆինանսական, մտավոր կարողությունները ծառայեցնում են Չինաստանի հզորացմանը:
Չինական սփյուռքի թիվը, ըստ փորձագետների, աշխարհում հասնում է 80 միլիոնի` հուացյաոն բնակվում է հիմնականում Ամերիկայում, Եվրոպայում և Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում, ընդհանուր առմամբ աշխարհի 140 երկրներում:
Որոշ տվյալներով, Չինաստանի սահմաններից դուրս բնակվող չինացիները տիրապետում են 2 տրիլիոն դոլարի հասնող կարողությունների:
Չինական սփյուռքի ներկայացուցիչները հատկապես հզոր են և ընդունող հասարակություններում լավ ինտեգրված` Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում:
Այսպես, Մալազիայում բնակչության 1/3-րդը կազմում են չինացիները, որոնք իրենց վերահսկողության տակ են պահում այդ երկրի ողջ հարստությունների 70%-ը, Ինդոնեզիայում չինացիները կազմում են բնակչության միայն 4%-ը, սակայն վերահսկում են երկրի տնտեսության 73%-ը, իսկ Սինգապուրի տնտեսությունը ընդհանրապես գտնվում է չինական սփյուռքի ձեռքում:
Ասիացի 100 միլիարդատերերից 39-ը չինացի են:
Հարավ-Արևելյան Ասիայի հարստությունների 70 %-ը գտնվում է այդ տարածաշրջանի բնակչության 6%-ը կազմող չինացիների ձեռքը:
Չինական սփյուռքի կապիտալով առաջին ձեռնարկությունը Չինաստանում բացվել է 1980թ.-ին, իսկ Չինաստանի ազգային վիճակագրական ծառայության ներկայացված տվյալների համաձայն միայն 1995-1999թթ.-ը չինական սփյուռքի ուղիղ ներդրումները երկրում 2,62 միլիարդ դոլարից հասել են 3,29 միլիարդ դոլարի:
Բացի ուղիղ ֆինանսական ներդրումներից, աշխարհի տարբեր երկրներում բնակվող չինացիները հայրենիք բերեցին նաև նորագույն տեխնոլոգիաներ, նորամուծություններ մտցրեցին չինական տնտեսության տարբեր ճյուղերում:
Ըստ Չինաստանի պետական ռեգիստրի ներկայացված տվյաների՝ 2008թ.-ին հուացյաոյի մասնակցությամբ ընկերությունների թիվը Չինաստանում հասել է 300.000-ի, ինչը կազմում է Չինաստանում գործող օտարեկրյա բոլոր ընկերությունների 70%-ը:
Պեկինը ակտիվորեն աշխատում է արտերկրում գտնվող իր սփյուռքի ներկայացուցիչների հետ և 2000թ.-ին մշակվել է Շարժում դեպի դուրս ռազմավարությունը, որը ենթադրում է չինական սփյուռքի և հայրենակցական միությունների հետ սերտ աշխատանք և նրանց պոտենցիալի օգտագործում, այդ թվում չինական լեզվի տարածում`սփյուռքի շրջանում:
Ռազմավարությունը տվել է իր արդյունքները` Մալազիայում չինարեն լեզուն ուսումնասիրվում է արդեն 1200 դպրոցներում, ԱՄՆ-ում`100.000 մարդ ուսումնասիրում է չինարենը:
Սինգապուրի համալսարանի պրոֆեսոր Դենի Ռոյի կարծիքով չինական համայնքների ներկայությունը արտերկրում Պեկինին ապահովում են երկարաժամկետ առավելություններ` Ասիայում տնտեսական կայսրություն կառուցելու համար, ինչպես նաև նպաստում է Չինաստանի տնտեսական դիրքերի ամրապնդմանը աշխարհում:
Չինաստանը պետական մակարդակով պաշտպանում է չինական սփյուռքի ներդրումները երկրում`1990թ.-ի օգոստոսի 19-ին ընդունվել է կառավարության որոշում հուացյաոյի ներդրումները խրախուսելու մասին, բացի այդ, գործում է Հուացյաոյի գործերով հատուկ կոմիտե:
Չինական սփյուռքը իրեն ներկայացնում է որպես մեկ ընդհանուր ծառից թափված տերևներ և իրենք ձգտում են վերադառնալ սեփական արմատներին:
Փորձագետների գնահատմամբ, չինական սփյուռքը ներդրումներ է կատարում Չինաստանում ելնելով մի քանի պատճառներց, այդ թվում հաշվի առնելով չինական տնտեսության աճը, Չինաստանի մեծ սպառման շուկան, ներդրումային դրական միջավայրի առկայությունը և այլն:
Բացի այդ, Պեկինը ներդրումային առավելություններ է տալիս չինական սփյուռքի ներկայացուցիչներին`կառավարությունը 50 արդյունաբերական կենտրոններ է հիմնել հատուկ հուացյաոների համար:
Չինաստանը փորձում է օգտագործել իր սփյուռքի ներուժը, հատկապես Հարավ-Արևելյան Ասիայում գտվող խոշոր գործարարների լծակները տվյալ պետությունների վրա ազդելու նպատակով:
Այսպիսով, Չինաստանը իր սփյուռքի ներուժը ծառայեցնում է երկրի տնտեսության զարգացման, արտերկրում բնակվող չինացիների լավագույն գիտակա-կրթական նվաճումները չինական տնտեսության մեջ ներդնելու, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում, հատկապես Ասիայում իր աշխարհաքաղաքական շահերը առաջ տանելու համար:
Պեկինը արտերկրում բնակվող չինացիների շրջանում աշխատանքներ է տանում ազգային լեզվի, մշակույթի, ավանդույթների տարածման ուղղությամբ, ազգային ինքնատիպությունը պահպանելու նպատակով, ինչը խրախուսվում է և ընդունվում է վերջիններիս կողմից որպես լավագույն միջոց ընդունող հասարակություններում ձուլումը թույլ չտալու նպատակով:
Ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելով Չինաստանի կառավարությունը չինական սփյուռքը կապիտալը ուղղում է դեպի տնտեսության գիտահեն ճյուղեր, որոնք էլ դիվիդենտներ են բերում հենց ներդրողներին, այսինքն սփյուռքին շահագրգռում են ոչ միայն պատմական հայրենիքի նկատմամբ պարտքի զգացմունքի, հայրենասիրության հողի վրա, այլև զուտ տնտեսական շահավետ պայմաններ, մեխանիզմներ կիրառելով:
Չինաստանը ձգտում է որպեսզի հուացյաոները զբաղեցնեն կարևոր պաշտոններ, լինեն ընդունող երկրների օրինապահ և օրինակելի քաղաքացիներ, որպեսզի հետագայում կարողանալով հենվել վերջիններիս ներուժի`ֆինանսական, կազմակերպչական, քաղաքական լոբիստական աշխատանքներ իրականացնեն և ընդունող երկրներում թույլ չտան հակաչինական տրամադրությունների ի հայտ գալը:
Չինական սփյուռքն էլ իր հերթին ձգտում է պահպանել որոշակի տարածություն, չեզոքություն Չինաստանի հետ հարաբերություններում, որպեսզի իրենց մշտական բնակության երկրներում նրանք չդիտարկվեն որպես օտարածին տարր կամ այլ երկրի շահերի սպասարկող, քանի որ լինելով փոքրամասնություն հատկապես Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում իրենց ձեռքում են կենտրոնացրել տնտեսական մեծ լծակներ, ինչն էլ ժամանակին հանգեցրել էր Ինդոնեզիայում հակաչինական ցույցերի և գործողությունների, որոնք տարածվեցին նաև Թայլանդում, Մալազիայում և ասիական այլ երկրներում:
Չինաստանի համագործակցությունը իր սփյուռքը հետ կարելի է ներկայացնել որպես փոխլրացնող քաղաքականություն, այսինքն արտեկրում բնակվող չինացիները զգում են օրեցոր հզորացող Չինաստանի աջակցությունը և պաշտպանությունը, իրենք էլ պատասխանում են այլ երկրներում վաստակած գումարները ուղղելով հայրենիքում մնացած հայրենակիցների համար նոր աշխատատեղերի ստեղծմամբ, ինչպես նաև բազմամիլիոնանոց չինական շուկայից տնտեսական շահեր ստանալով: