.jpg)
Դ. Ջամալյան. Ադրբեջանը սպառած սցենար է կիրառում
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ միջազգային հետազոտական կետրոնների հետազոտությունները փաստում են ՀՀ զինված ուժերում տիրող իրավիճակի խիստ վատթար լինելը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություններ ստանալու նպատակով Aysor.am-ը դիմեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանին:
«Իմ կարծիքով, սա առաջին հերթին ինքնախաբեություն է: Եթե Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը վկայակոչում է ինչ-որ միջազգային կենտրոնների կարծիքը, ապա պետք է բարի լինի նշի այդ հաստատությունները:
Խնդիրը շատ հստակ է: Բանակը կենդանի օրգանիզմ է և կարգապահության ամրապնդման գործընթացը շատունակական բնույթ է կրում: Սակայն խնդիրն այստեղ իմ կարիքով այլ է: Սա շատ պիրմիտիվ փորձ է ապացուցել սեփական հասարակությանը այն թյուր կարծիքը, թե իբր հայերը շատ թույլ են: Սա, իմ խորին համոզմամբ, ադրբեջանական հասարակության շրջանում թույլ հայկական բանակի կերպար ձևավորելու արդեն իրեն սպառած սցենարի խաղարկման հերթական փորձն է: Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես փորձում է ձևավորել թույլ ՀՀ-ի ՀՀ զինված ուժերի և արագ հաղթանակի հասնելու հնարավորության պատրանք: Ադրբեջանական քարոզչամեքենայի ներհասարակական ամբողջ աշխատանքը հենց սրա վրա է խարսխվում:
Բնական է, որ այս առասպելին մշտական ակտուալություն հաղորդելու համար ադրբեջանական կողմին մշտապես ինչ-որ «փաստարկներ» են անհրաժեշտ: Իր հերթին այս ամենի հակառակ կարիքը ապացուցող, այս դեպքում լիովին իրական փաստարկների պակաս ամենևին չկա: Ժամանակին հենց նույն Սաբիրօղլուն փորձում էր հանգստացնել սեփական հասարակությանը, թե հայկական կողմի ենթակայության տակ եղած հրթիռների դեմ իրենք ինչ-որ ռադարներ ունեն: Սակայն ադրբեջանական ժողովուրդը գիտակցում է, որ իրականում ՀՀ զինված ուժերը ամենևին թույլ չեն: Ի վերջո, եթե մենք այդքան թույլ ենք, ինչու խոսքից չեք անցնում գործի: Այստեղ տեղին է հիշեցնել ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության արձագանքը Բաքվի զորահանդեսին, որտեղ բառացիորեն արվեց նույն հարցադրում առ այն, թե եթե այդքան ուժեղ է մեր բանակը, ապա ինչու չի հարձակվում:
Սա իրեն սպառած սցենար է, որն ի վերջո ի վնաս Ադրբեջանի է աշխատելու»,- հավելեց նա: