Լևոն Զուրաբյան. Կգա և լրջանալու պահը
22/12/2012 14:25

Լևոն Զուրաբյան. Կգա և լրջանալու պահը

ՀՀՇ համագումարի ընդմիջմանը, լրագրողները փորձեցին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից  մանրամասներ պարզել  ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշման հետաձգման մասին: 

ՀԱԿ համակարգողի հետ զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ` հարց ու պատասխանի տեսքով:

-Ինչո՞ւ է ինտրիգը ձգվում և ինչո՞ւ այսօր ՀԱԿ առաջնորդը չհայտարարեց առաջդրվելու է արդյոք, թե ոչ` կոչ անելով սպասել ևս 2 օր:

-Նա բացատրեց, Չինաստանից պիտի դաբրո ստանա, ՌԴ-ից, ԱՄՆ-ից…

-Պարոն Զուրաբյան, իսկ եթե կատակը մի կողմ դնենք:

-Չեք սիրում կատակնե՞ր, ինչի՞ կատակը մի կողմ դնենք… կգա և լրջանալու պահը:

-Այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանի առաջադրման հավանակությունը որքա՞ն է, ի՞նչ կարելիէ հասկանալ Տեր-Պետրոսյանի ելույթից:

-Ելույթը հասկացա, այն շատ լավն էր:

-Հրանտ Բագրատյանն ասել էր, որ եթե մինչև երկուշաբթի օրը Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա ինքը կառաջադրվի: Երկու օրից Տեր-Պետրոսյանի որոշումը դեռ չի լինում, ստացվո՞ւմ է, որ Հրանտ Բագրատյանն է առաջադրվում, ի՞նչ է ստացվում այդպես:

-Շնորհակալություն ինֆորմացիայի համար:

-Ի՞նչ կնշանակի դա:

-Նշանակում է, որ Բագրատյանն առաջադրվում է:

-Այսինքն` ՀԱԿ-ի հետ համագործակցությունը կդադարեցվի՞:

-Նրա առաջադրման հարցերն ընդհանրապես չեն քննարկվել Կոնգրեսում, ո'չ կենտրոնական գրասենյակում, ո'չ քաղխորհրդի նիստում:

-Պարոն Զուրաբյան, ի՞նչ եք կարծում չառաջադրվելու տարբերակ ունի Տեր-Պետրոսյանը, հատկապես, որ համակիրները պահանջում են առաջադրվել:

-Ի՞նչ է նշանակում չառաջադրվելու տարբերակ, նա ազատ կամք ունի, ազատ որոշում կայացնելու իրավունք ունի: Առաջադրվելու հարցը, իհարկե, կապված է համակիրների աջակցության հետ, սակայն դա կոնկրետ մարդու կողմից կատարվող քաղաքական և անձնական հաշվարկների հարց է:

-Արդյոք նրա չառաջադրվելով հուսախաբ չե՞ն լինի  ՀԱԿ համակիրները:

-Չեմ կարծում, թե խնդիրը դրված է այսպես` հուսախաբ անել կամ չանել: Խնդիրը հետևյալն է` արդյոք այդ առաջադրումը կնպաստի՞ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակին: Ինքը պետք է որոշի` առաջադրվել, թե ոչ:

-Ձեր անձնական ցանկությունը որ՞ն է:

-Բնականբար, ես շատ կցանկանայի, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվեր, որովհետև նա միակ թեկնածուն է, որ կարող է ապահովել Կոնգրեսի բոլոր կուսակցությունների աջակցությունը:

-Ձեր թեկնածությունը հնարավո՞ր է:

-Նման քննարկում չի եղել ո'չ Կոնգրեսում, ո'չ էլ Տեր-Պետրոսյանի հետ:

 

Լևոն Զուրաբյան. Կգա և լրջանալու պահը