.jpg)
«Ժառանգության» համաժողով. Ր. Հովհաննիսյանը կհայտարարի առաջադրման մասին
Քիչ առաջ մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական հավաքն ու համաժողովը, որի ընթացքում կհայտարարվի առաջիկա նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրման մասին:
Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը նախագահական ընտրությունների ընթացքում պատրաստ է համագործակցել այն բոլոր ուժերի հետ, որոնք հավատում են ազատ, անկախ Հայաստանին և Սփյուռքի համախմբմանը և ուզում են մասնակցել ՀՀ հաղթանակին:
«Հույս ունենք` նա կհարգի Հայաստանը և Հայաստանի շահը: Բոլոր թեկնածուներն էլ մրցակից են, իսկ հայ ժողովուրդը, եթե ցանկանա, կփոխի երկիրը փետրվարի 18-ին` մի անգամ և միասին: Հնարավոր է, որ վարչական ռեսուրս կիրառվի, ընտրախախատումներ լինեն, սակայն եթե ուզենանք, մենք դրա դեմը կառնենք: Համոզված եմ, որ այս երկու ամսվա ընթացքում մեր ժողովուրդը այնքան փոփոխության պետք է ենթարկվի, որ անգամ դրանցով հանդերձ մենք նոր վիճակ պետք է բերենք: Սա բաց քաղաքացիական հավաք և համագումար է, հատուկ հրավեր և հանրային ծանուցում չի եղել, և բոլորն էլ ազատ են մտնելու և խոսք ասելու»,- ասաց կուսակցության առաջնորդը:
Համագումարը ուղեկցվեց ՀՀ օրհներգով, Տերունական աղոթքով և Արտո Թունջբոյաջյանի երգով:
Համագումարի մասնակիցներին բաժանվել են Րաֆֆի Հովհաննիսյանի լուսանկարով օրացույցներ, որոնց վրա գրված է՝ «Մեկ անգամ: Միասին» և «Ազատ, անկախ, միացյալ» կարգախոսներ:
Հարցին՝ սարերը շուռ տալու խոստումը դեռ ուժի մե՞ջ է, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց, որ ուժի մեջ է և իրենք այն կատարելու են: