Ստեփանակերտի ռազմական շքերթը սառեցրեց Բաքվի տաք գլուխները
24/12/2012 12:33

Ստեփանակերտի ռազմական շքերթը սառեցրեց Բաքվի տաք գլուխները

«2012թ.-ին մենք ամրապնդեցինք մեր ռազմական ներուժը, որի վառ ապացույցն էր այն, որ նոր զինատեսակները՝ օպերատիվ տակտիկական հրթիռները, անցան Ստեփանակերտի հրապարակով, ինչը խորհրդանշական էր և ազդակ ուղղված հակառակորդին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2012թ.-ի ռազմաքաղաքական տարին` ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Նա նշեց, որ սա նկատեցին նաև Ադրբեջանում և ֆիքսեցին հայկական ներուժը. «Բաքվում սառեցին որոշ տաք գլուխներ»:

«Այս տարի տեղի ունեցան երկու զորավարժություններ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի տարածքում և զորավարժություններ ԼՂՀ-ում»,-ասաց Ջամալյանը:

Նրա խոսքերով, զորավարժությունների սցենարը այնպես էր մշակված, որ հայկական ուժերը կարողանան հետ մղել հակառակորդի գրոհը, հարձակումը և պատերազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք՝ հայկական սահմանները անհրաժեշտության դեպքում հասցնելով մինչև Քուռ գետը:

«Բանակը կենդանի օրգանիզմ է, չի կարելի բավարարվել ձեռք բերվածով և պետք է անընդհատ կատարելագործել կարգապահությունը զինված ուժերում»,-ասաց բանախոսը:

Դ. Ջամալյանը նշեց, որ ադրբեջանական դիվերսիոն գործողությունները նպատակ ունեն ստեղծել անառողջ բարոյահոգեբանական միջավայր, սակայն դա նրանց չհաջողվեց. Հայաստանը և ԼՂՀ-ն համաչափ, համարժեք պատասխան տվեցին թշնամուն:

«Հունիս ամսից հետո մենք ադրբեջանական դիվերսիա չենք նկատել, այսինքն մեր պատժիչ գործողությունները տվել են իրենց արդյունքները»,-ասաց Դ. Ջամալյանը:

Բանախոսը ասաց, որ այսօր ամեն մի հենակետ ինժեներական առումով ուժեղացվել է, վերածվել է մի փոքրիկ ամրոցի: 

Ստեփանակերտի ռազմական շքերթը սառեցրեց Բաքվի տաք գլուխները