.jpg)
Սեմինար-հանդիպում ՀՀ բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ
Դեկտեմբերի 21-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը զրուցեց ՀՖՖ արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանի հետ:
«Դեկտեմբերի 20-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի տարեկան ծրագրային հայտարարությունը, որը սովորաբար սկիզբ է արտոնագրային մրցաշրջանի համար,- նշեց Արթուր Ազարյանը:- Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են և իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2013-2014 թթ. առաջնությանն ու ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին: Սովորաբար մրցաշրջանն սկսում ենք ավելի շուտ՝ նոյեմբերին, բայց քանի որ այս տարի առաջնության մրցակարգն անցումային էր, այսինքն՝ գարուն-աշունից անցնում ենք աշուն-գարունի, այդ իսկ պատճառով ժամկետները մի փոքր հետաձգվում են, և ակումբներին հնարավորություն է տրվում փաստաթղթերը ներկայացնելու համար ավելի շատ ժամանակ ունենալ:
Այսօր կազմակերպեցինք սեմինար-հանդիպում ակումբների ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին մամուլի քարտուղարները և արտոնագրման հարցերով պատասխանատուները: Նրանց ներկայացվեցին բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: 2012 թ. ՈՒԵՖԱ-ն վերահրատարակեց ակումբների արտոնագրման և «Ֆինանսական արդար խաղի» կանոնակարգը, և այդ կապակցությամբ մենք նույնպես ստիպված էինք փոփոխություններ կատարել մեր կանոնակարգում:
Այսօրվա հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալ այն պահանջների հետ, որոնք նրանք պետք է ներկայացնեն մինչև փետրվար՝ արտոնագրային ոչ ֆինանսական փաստաթղթերի հետ կապված: Այդ փաթեթի հիման վրա նրանք կստանան արտոնագրեր մարտ ամսին և հնարավորություն` մասնակցելու օգոստոսին մեկնարկող ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության նոր մրցաշրջանին, ինչպես նաև ամռանը կայանալիք ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին: Կարծում եմ ու նաև հուսով եմ, որ ակումբների ներկայացուցիչների համար ամեն ինչ պարզ և հասանելի էր, և ինչպես որ նախորդ մրցաշրջանում, այս անգամ ևս խնդիրներ չենք ունենա»: