ՀՀ Նախագահը հանդիպեց գործարար շրջանակների ներկայացուցիչներին
24/12/2012 16:34

ՀՀ Նախագահը հանդիպեց գործարար շրջանակների ներկայացուցիչներին

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հանդիպեց երկրի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ:

Երկրի ղեկավարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը նշեց, որ իրենք գոհ են գործարանի արձանագրած արդյունքներից, քանի որ վերջին 15 տարվա ընթացքում իրենց  պղնձամոլիբդենային գործարանը աճ է արձանագրել:

Նրա խոսքերով, յուրաքանչյուր տարի գործարանը մեծ հաջողություններ է արձանագրում`այս տարի գործարանի արտադրանքի ծավալները ավելացել են 35%-ով:

«Գործարանը ունի 3200 աշխատող, որոնցից 2500 յուրաքանչյուր օր գործարանի հաշվին սնունդ են ստանում»,-նշեց Հակոբյանը:

Նա ասաց, որ ճգնաժամի տարիներին իրենք չեն կրճատել աշխատատեղերը, այլ հակառակը, գործարանում ստեղծվել է 180 նոր աշխատատեղ:

Մ. Հակոբյանի խոսքով, խորհրդային տարիներին գործարանը տվել է 9 միլիոն տոննա արտադրանք, իսկ 2013թ.-ին նախատեսվում է արտադրանքի ծավալները հասցնել 18,5 միլիոն տոննայի:

Նախագահի հետ հանդիպման մեկ այլ մասնակից, կանադահայ գործարար Հրաչ Աբգարյանը նշեց, որ իրենք գոհ են Նախագահի այսօրվա հանդիպման ընթացքում  արտահայտած մտքերից և կառավարությունից սպասում են գործարար միջավայրի բարելավման քայլեր:

«Պատրաստակամ ենք, որպես օտարերկրյա ներդրողներ ներդրումներ  կատարել երկրում և աշխատել կառավարության հետ»,-ասաց նա:

Նրա խոսքով, Հայաստանի մակարդակը պետք է հասցնել միջազգային առաջատար երկրների մակարդակի:

Աբգարյանը նշեց, որ իրենք հույս ունեն, որ 2013թ.-ին ավելի մեծ արդյունքներ կարձանագրեն բիզնեսի ոլորտում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ այս տարին համարում է տնտեսության համար հաջողակ տարի և այն ցուցանիշները, որ լինելու են մինչև տարվա վերջ ավելին են, քան իրենք նախատեսել են:

«Արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտը այս տարի լավ ցուցանիշներ արձանագրեց»-ասաց նախարարը:

Նրա խոսքով, կա լավ տրամադրվածություն թե գործարար աշխարհի, թե պետության կողմից, որ «մենք ճիշտ ուղու վրա ենք և բոլոր նախապայմանները ստեղծվել են, որպեսզի ունենանք ոչ միայն քանակական, այլ նաև որակական աճ»:

 

ՀՀ Նախագահը հանդիպեց գործարար շրջանակների ներկայացուցիչներին