.jpg)
Ընդդիմության միավորման հավանականությունն արհեստական է
«Ազգային ժողովի մեր կոլեգան է, մեր պատգամավորը… Հրանտ Բագրատյանի ներկայացրած քաղաքական ուժը միշտ գործել է այն դաշտում, որտեղ մենք նաև պատկերացրել ենք մեր քաղաքական մոտեցումները և, բնականաբար, իմ ներկայությունն այստեղ պայմանավորված է Հրանտ Բագրատյանի անձի և մոտեցումների հետ»,- «Ազատություն» կուսակցության համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Հարցին, թե նախագահական ընտրություններին իր կուսակցությունը կսատարի Հ. Բագրատյանի թեկնածությունը, Խ. Քոքոբելյանն ասաց, որ այդ մասին խոսել դեռ վաղ է. «Դեռ վաղ է այդ մասին խոսելը, և դա վերաբերում է ոչ միայն Հրանտ Բագրատյանին … Միայն անձով չէ պայմանավորված»,- ասաց նա:
Ի դեպ, Խ. Քոքոբելյանը նշեց նաև, որ իրենք սեփական թեկնածուի հարցը դեռ փակված չեն համարում. «Հարց է՝ մենք մեր թեկնածուով հանդես կգա՞նք, թե կսատարենք այլ թեկնածուի»,- ասաց նա` հավելելով, որ եթե նույնիսկ այդ կերպ մասնակցեն էլ, միամիտ չեն և հասկանում են, որ հաղթելու հնարավորություն չունեն:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին Հրանտ Բագրատյանի շանսերին և միասնական թեկնածուին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարն ասաց, որ եթե միավորում չլինի, նրա շանսերը մեծ չեն։ Միևնույն ժամանակ` Խ. Քոքոբելյանն ընդդիմության միավորման հավանականությունը արհեստական է համարում։
«Այն, ինչ կատարվում է հիմա, արհեստական միավորումների փորձեր են, իսկ իրական միավորման համար դեռ չկան անհրաժեշտ նախադրյալներ, իսկ դրանում պետք չէ մեղադրել միայն իշխանություններին, քանի որ ընդդիմությունը պետք է իր մեջ քաղաքական կամք գտնի` խնդիրների շուրջ համախմբվելու համար»,- մանրամասնեց Խ. Քոքոբելյանը: