.jpg)
Լևոն Ջուլֆալակյան. «2013 թ. առավել բարդ կլինի»
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Ջուլֆալակյանը 2012 թ. Հայաստանի լավագույն մարզիկ Արսեն Ջուլֆալակյանի և Արսենի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանի հետ միասին հանդիպեց լրագրողների հետ:
Թե որպես Ֆեդերացիայի նախագահ, թե որպես հայր Լևոն` Ջուլֆալակյանն անկեղծորեն ուրախ էր Արսենի հաջողություններով:
«2012 թ. հաջողված տարի էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի համար: Անչափ ուրախ եմ, որ Արսենը Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել, իսկ մեր հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Հաջորդ տարին ավելի բարդ է լինելու, քանի որ օլիմպիական նոր շրջան է սկսվում: Գալիք տարին մեզ համար կլինի ուսումնասիրությունների տարի, որպեսզի հասկանանք, թե ինչ թիմով ենք հանդես գալու Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերին:
Առաջիկայում մրցաշարերը շատ են. կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կկայանա փետրվարին, իսկ մարտին՝ Եվրոպայի առաջնություն և այսպես շարունակ: Սեպտեմբերին Հունգարիայում տեղի կունենա աշխարհի առաջնությունը, իսկ նոյեմբերին՝ Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Ինչպես տեսնում եք, տարին շատ ծանրաբեռնված է լինելու այս մարզաձևի համար»,- նշեց Ջուլֆալակյանը:
Մեր թղթակցի այն հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում Լևոն Ջուլֆալակյանը դիմավորել նոր տարին, նա բացեց մի փոքրիկ գաղտնիք:
«Ամանորը կրկնակի տոն է ինձ համար: Հունվարի 1-ին կնոջս ծննդյան տարեդարձն է, իսկ Արսենը մեզ մի մեծ անակնկալ մատուցեց: Նա մեզ նվիրել է Դուբայի 2 ուղեգիր` ինձ և կնոջս համար, ուստի 1 շաբաթով կբացակայենք Հայաստանից:
Ամանորը շատ մոտ է: Հայ ժողովրդին մաղթում եմ, որ միշտ լինեն ուրախ և անհոգ: Ուզում եմ հեռու լինենք պատերազմներից, ապրենք հաշտ ու խաղաղ, բարեկեցիք, լինենք առողջ ու երջանիկ»,- ասաց Լևոն Ջուլֆալակյանը: