.jpg)
Արսեն Ջուլֆալակյան. «Տարին համարում եմ գերազանց»
Հայաստանի 2012 թ. լավագույն մարզիկ Արսեն Ջուլֆալակյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց տարին: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած քվերակության արդյունքում Արսենը հավաքեց առավելագույն միավորներ` արժանանալով Հայաստանի լավագույն մարզիկի կոչմանը, սակայն օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը, 2012 թ. գնահատելով գերազանց, միաժամանակ նշեց, որ տարին իդեալական համարելու համար պակասում էր միայն օլիմպիական ոսկե մեդալը:
«Հիրավի, տարին գերազանց էր: Անչափ ուրախ եմ, որ կարողացա արժանանալ Հայաստանի լավագույն մարզիկի կոչմանը:
Այդ մասին դեռ երեկ նախնական տվյալներ ունեի, սակայն իմ բնավորությունն այնպիսինն է, որ պետք է հաստատ իմանամ: Այսօր առավոտյան ինձ զանգահարեց լրագրողներցի մեկն ու հայտնեց այդ մասին:
Բնականաբար, անչափ ուրախ եմ: Շնորհակալ եմ բոլորից` ինձ նման պարգևի արժանացնելու համար: Յուրաքանչյուրի մարզիկի համար մեծ պատիվ է իր երկրում լավագույնը ճանաչվելը: Սա թիմային մեծ աշխատանքի արդյունք էր:
Քվերակության արդյունքները համարում են օբյեկտիվ, քանի որ, այո, տարվա ընթացքում կային նաև հաջողություններ այլ մարզաձևերից, ինչպես օրինակ հաղթանակը` շախմատային օլիմպիադայում: Սակայն լրագրողները շատ ճիշտ են քվեարկել: Հասկանալի է, որ դա մեծ հաջողություն էր, սակայն շախմատային օլիմպիադան լինում է ոչ թե 4, այլ 2 տարին մեկ անգամ: Այն թիմային մարզաձև է, և լավագույնի կոչման համար պայքարում պետք է հաշվի առնել շախմատիստների անձնական ցուցանիշները, հակառակ դեպքում` առաջին 5 հորիզոնականներում կլինեին հենց շախմատիստները:
Ֆուտբոլը ևս համեմատությունից դուրս է: Այն նույնպես թիմային մարզաձև է, և շատ ճիշտ որոշում է, որ առանձին տեղի է ունենում լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը: Օլիմպիական խաղերի մեդալը շատ կարևոր է, և դա օբյեկտվորեն հաշվի առան մեր լրագրողները, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում նրանց:
Տարին հաջող էր ոչ միայն մարզական տեսանկյունից, այլև անձնական: Ես ամուսնացա, իսկ դա շատ կարևոր էր ինձ համար»,- նշեց Ջուլֆալակյանը:
Հայ ըմբիշը նաև հերքեց այն լուրը, ըստ որի իր մեդալը գնել է Հայաստանի սպորտի նախարարը:
«Խոսակցությունների համաձայն, այդ մեդալը ես չեմ նվաճել, այլ այն ինձ համար գնել է Հայաստանի սպորտի նախարարը: Գինն էլ էին նշում` 300.000 դոլար: Դրանք անհիմն խոսակցություններ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Ջուլֆալակյանը: