Հայաստանն իր անվտանգության ապահովման գործում մեծ տեղ է հատկացնում ՌԴ-ին
25/12/2012 11:55

Հայաստանն իր անվտանգության ապահովման գործում մեծ տեղ է հատկացնում ՌԴ-ին

«Ռուսաստանը և Հայաստանը այս տարի նշում են բարեկամության և փոխգործակցության մեծ պայմանագրի 15 ամյակը, իսկ ընդհանուր առմամբ երկու երկրների միջև կա հարուստ պայմանագրային բազա».-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով հայ-ռուսական հարաբերությունների 2012թ.-ի արդյունքները, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

Նա նշեց, որ այս տարի եղել են նախագահների մակարդակով 3-4 հանդիպումներ, երկկողմ ամենաբարձր մակարդակով փոխայցելություններ:

«Ռազմական և անվտանգության տեսանկյուններից տեղի են ունեցել անվտանգության քարտուղարների հանդիպումներ և նրանք հաստատել են, որ Հայաստանը իր անվտանգության ապահովման գործում մեծ տեղ է հատկացնում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում սահմանների անվտանգության ապահովման գործում»,-նշեց Մարկարովը:

Քաղաքագետի խոսքերով, տարիների ընթացքում հաստատվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևոր էլեմենտ են թե Հայաստանի, թե Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար:

«Երևանի և Մոսկվայի միջև համագործակցությունը զարգանում է նաև ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և այլ կառույցների շրջանակներում, և Հայաստանը հանդիսանում է հուսալի գործընկեր այս կառույցների շրջանակներում»,-ասաց քաղաքագետը:

Ա. Մարկարովը նշեց, որ Հայաստանն իրականացնում է իր արտաքին քաղաքականությունը համագործակցելով թե՛ եվրոպական կառույցների, թե՛ ԱՊՀ-ի երկրների հետ՝ ելնելով իր ազգային-պետական շահերից:
 

Հայաստանն իր անվտանգության ապահովման գործում մեծ տեղ է հատկացնում ՌԴ-ին