.jpg)
Շարմազանովը Տեր-Պետրոսյանի մասին. Մավրն արեց իր գործը, մավրը պետք է հեռանա
«Իմ կարծիքով՝ վերջին ամիսների ընթացքում Տեր-Պետրոսյանի որևէ ելույթ կամ գործողություն հիմնավորված չի եղել, հիմավորված չէ նաև նախագահական ընտրություններին նրա չառաջադրումն ու դրա պատճառաբանությունը»,- մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրումը և պատճառաբանությունը` Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններին` պատճառաբանելով, թե ժամանակն է, որ ասպարեզ իջնեն երիտասարդները:
Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությունը Է. Շարմազանովի խոսքերով, վաղուց է ավարտվել, սակայն այսօր նա, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, փորձում է իր հետևից դուռը շրխկոցով փակել:
«Նրա առաջադրումը իր համար կլիներ քաղաքական ինքնասպանություն: Նա, բոլոր դեպքերում, քաղաքականությունից պիտի հեռանար` անկախ նրանից կլիներ դա ընտրությունների միջոցով, թե առանց ընտրությունների»,- ասաց Է. Շարմազանովը և հավելեց, որ ՀԱԿ առաջնորդն այլևս անելիք չուներ` մեջբերելով «Մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա…»
Aysor.am-ի զրուցակիցը աշխարհին հայտնի բազմաթիվ քաղաքական գործիչների անուններ թվարկեց, ովքեր մեծ տարիքում էլ առաջադրվել են` միևնույն ժամանակ խորհուրդ տալով Տեր-Պետրոսյանին նայել Իսրայելի Քնեսետի ցուցակը:
Հարցին, թե ճի՞շտ չէր լինի, որ այնուամենայնիվ, Տեր Պետրոսյանն առաջադրվեր, Է. Շարմազանովն ասաց, որ ՀԱԿ-ը, անկախ նրանից նախագահական ընտրություններին կառաջադրեր իր թեկնածուին, թե ոչ, կոտրած տաշտակի առաջ էր կանգնած` նկատելով, որ այդ մասին փաստում էր ԲՀԿ-ի հետևում թաքնվելը:
Ինչ վերաբերում է «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի առաջադրվելուն, Է. Շարմազանովը նկատեց, որ նրա առաջադրումը նույնպես հարված էր ՀԱԿ-ին:
Հարցին, թե հնարավո՞ր է` ընդդիմադիր հատվածը համախմբվի հենց Բագրատյանի շուրջ, ՀՀԿ մամուլի խոսնակը նախ ասաց, որ շատ հարգում է Բագրատյանին, ապա կարծիք հայտնեց, որ Հրանտ Բագրատյանը նախագահական ընտրությունները ցանկանում է առիթ դարձնել, որպեսզի քաղաքական դաշտի լիբերալ հատվածը միավորի: