Հալեպում առևանգված երկու հայերը ազատ են արձակվել
25/12/2012 21:07

Հալեպում առևանգված երկու հայերը ազատ են արձակվել

Հալեպում օրեր առաջ առևանգված Շահե Չաղլասյանն ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ նա ազատ է արձակվել փրկագին վճարելուց հետո: Չաղլասյանը առևանգվել էր Հալեպի ծայրամասում գտնվող Շքեյֆ շրջանում:

Ռեյիսյանը նաև տեղեկացրել է, որ Հալեպում առևանգվել էր նաև հայ բժիշկ, ով փրկագին վճարելուց հետո նույնպես ազատ է արձակվել: Երկու հայ առևանգվածներն արդեն տուն են վերադարձել:

Մամուլի քարտուղարի խոսքով՝ վերջնականապես հաստատվել է Հովակ Քորթմոսյանի մահը, ով 2012թ.-ի ամռանը Հալեպում սպանված զինծառայողների թվում էր:

Հիշեցնենք, ոչ ամռանը Հալեպում գտնվող Հանանու զորանոցը մոտ մեկ շաբաթ զինյալների հսկողության տակ է հայտնվել:
Զինծառայող Քորթմոսյանը զորանոցի գրավման ժամանակ արյունալի բախումների ընթացքում մահացու վնասվածք էր ստացել: Նրա ընկերները պատմել են, որ տեսել են նրան ընկած, սակայն ծնողները դիակը չհայտնաբերվելու հույսով կարծել են, որ երիտասարդը կենդանի է: Պարզվել է, որ հայ երիտասարդի դիակը շատերի դիակների նման օրեր շարունակ մնացել է արևի տակ և դարձել անճանաչելի: Զորանոցը կրկին կառավարական ուժերի հսկողության տակ հայտնվելուց հետո զոհվածների դիակները տեղափոխվել են դիահերձարան, որից հետո պարզ է դարձել, որ մահացածների թվում է նաև Հովակ Քորթմոսյանը:

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող ընդհանուր իրավիճակին, Ռեյիսյանի տեղեկացմամբ, մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, էլեկտրականությունը կրկին ընդատումներով է: Թեպետ պետությունը փորձում է նորոգման աշխատանքներ իրականացնել, սակայն զինյալները մշատպես խոչընդոտում են դրանց: Կրակոցների, հրթիռների ձայներ լսվում են հեռվից, իսկ կենտրոնական թաղամասերում իրավիճակն ավելի հանգիստ է:
 

 

Հալեպում առևանգված երկու հայերը ազատ են արձակվել