Պետք է մայրենի դասավանդող կադրեր պատրաստել Սփյուռքի համայնքներում
26/12/2012 18:50

Պետք է մայրենի դասավանդող կադրեր պատրաստել Սփյուռքի համայնքներում

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և հանդես եկավ դասախոսությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ Հայաստանում անկախացումից ի վեր նշվել է Սփյուռքի հարցերով զբաղվող գերատեսչություն ունենալու անհրաժեշտության մասին, սակայն նախարարություն ստեղծեց միայն Հանրապետության երրորդ Նախագահը` այսպիսով քաղաքական նոր մոտեցումների շնորհիվ նոր բովանդակություն հաղորդելով Սփյուռքի հետ տարվող աշխատանքներին:

Նախ Հայաստանը հռչակվեց համայն հայության Հայրենիք, ապա նախարարությունն ամրագրեց` հայ է նա, ով իրեն հայ է զգում: Երրորդ սկզբունքն այն էր, որ սփյուռքահայը բարեգործությունից զատ պետք է ներդրում անի եւ շահ ստանա Հայրենիքում:

Նրա խոսքով՝ չնայած անցած կարճ ուղուն` գերատեսչությանը հաջողվեց նաև ներմուծել երկքաղաքացիության ինստիտուտը: Միայն 2012թ. ՀՀ երկքաղաքացի է դարձել շուրջ 15 հազար մարդ:

«Ինչ խոսք, մենք մեծ դժվարությամբ հասանք նրան, որ այսօր աշխարհում գործող գրեթե բոլոր համահայկական կառույցները գործակցեն մեզ հետ: Դրա համար նախ անհրաժեշտ էր, որ Սփյուռքը ճանաչեր ՀՀ պետության կողմից տարվող քաղաքականությունը, այնուհետեւ` վստահեր ու գործակցեր: Հիմնական թիրախը երիտասարդությունն էր:

«Արի տուն» ծրագիրն, այս իմաստով, մեծ դժվարությամբ կյանքի կոչված այն հրաշք ծրագիրն է, որի շրջանակներում անցած չորս տարիների ընթացքում Հայրենիք այցելեց մոտ 3000 պատանի եւ աղջիկ, իսկ դա նշանակում է, որ նրանց Հայաստանում հյուրընկալել է մոտ 3000 հյուրընկալ ընտանիք, որոնց հետ նրանք բարեկամացել են, հայ ընտանիքներում ապրել, այցելել տեսարժան վայրեր»,- նշել է ՀՀ սփյուռքի նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել համալսարանի 90-ամյա հոբելյանը: Գերատեսչության ղեկավարը կարևորել է հայ կրթօջախների համար մանկավարժներ կրթելու եւ պատրաստելու բուհի գլխավոր առաքելությունը: Հ. Հակոբյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մայրենի դասավանդող կադրեր պատրաստել նաև Սփյուռքի համայնքներում.

«Համաշխարհայնացման այս պայմաններում, երբ անխուսափելի են և մեծանում են մարդկային տեղաշարժերը, սփյուռքագիտության առավել խորությամբ ուսումնասիրությունը և դարի մարտահրավերների դեմ պայքարը դառնում է ժամանակի հրամայական: Այս իմաստով յուրաքանչյուր բուհ պետք է որոշակիորեն ստանձնի սփյուռքագետներ պատրաստելու գործը»:

Խոսելով տարբեր տարածաշրջաններում հայկական Սփյուռքի առանձնահատկություների, խնդիրների տարբերությունների մասին` տիկին Հակոբյանը նշեց, որ ըստ այդմ ուսումնասիրվել, կազմվել և գործում են ծրագրեր լատինամերիկյան, ԱՊՀ հայ համայնքների, ինչպես նաև` ծրագիր իրաքահայերի համար:

Նախարարը բարձր գնահատեց համալսարանի կազմում գործող «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի երկարամյա գործունեությունը, որի արդյունքում Սփյուռքից ժամանող մանկավարժները վերապատրաստվում են Հայրենիքում:

Առաջնահերթ է ԱՊՀ տարածաշրջանի մի շարք երկրներում հայկական դպրոցների բացումը` ռուսերեն հիմքով հայերենի ուսուցումը կազմակերպելու նպատակով: Տիկին Հակոբյանը հավելեց, որ այստեղ անհրաժեշտ կլինեն Մանկավարժական համալսարանի շրջանավարտների ուժերը:

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին Հայրենիք-Սփյուռք գործակցության, արդի մարտահրավերների, անելիքների վերաբերյալ:

Նախարարը կարևորել է դասախոսների դերը հատկապես երկու հիմնահարցերի` Հայոց Ցեղասպանության ճանաչման, ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ երիտասարդության շրջանում գաղափարախոսության տարածման գործում:

Հանդիպման ավարտին, Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների համար, Հ. Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրեց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանին և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր, տնօրեն Սուրեն Դանիելյանին:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին բուհի հանդեպ ցուցաբերած մշտական ուշադրության և հոգածության, ինչպես նաև դասախոսական և գիտական երկարամյա գործունեության համար` ռեկտոր Ռ. Միրզախանյանը տիկին Հակոբյանին պարգևատրեց Պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական ոսկեզօծ մեդալով:

Պետք է մայրենի դասավանդող կադրեր պատրաստել Սփյուռքի համայնքներում