Գ. Քեռյան. Հասարակության ուշադրությունը բևեռված է
26/12/2012 21:03

Գ. Քեռյան. Հասարակության ուշադրությունը բևեռված է

Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների և քաղաքական դաշտում ուժերի դասավորության վերաբերյալ Aysor.am-ը զրուցել է քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ:

- Ինչպե՞ս կբնութագրեք ՀՀ ներքաղաքական գործընթացները:

- Ներքաղաքական գործընթացները ներկայումս ամբողջությամբ պայմանավորված են գալիք նախագահական ընտրություններով: Հասարակության ուշադրությունը բևեռված է, թե ի վերջո ովքեր կլինեն 2013-ի փետրվարի թիվ մեկ պետական պաշտոնի հավակնորդները: Իհարկե, բոլորս գիտեինք առաջին թեկնածուին, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Քաղաքական գործընթացն ընթանում է երկրորդ, երրորդ թեկնածուի հարցի շուրջ: Ընտրությունները կընթանային խիստ բևեռացված ուղիով, եթե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն կարողանային միասնական թեկնածու առաջադրել: Ոչ պակաս բևեռացված կլինեին, եթե ոչ միասնական թեկնածուով, բայց գոնե ընտրություններին մասնակցեր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որովհետև այդ պարագայում ՀՀԿ-ի առջև կլիներ ուժ, որը կունենար ռեսուրսներ: Եթե նայենք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին ու գումարենք նշված երեք ուժերի ընտրազանգվածը, կտեսնենք, որ այն բերում է մոտ 45-50 տոկոս ընտրազանգված:

- Ի՞նչ եք կարծում, խորհրդարանական ընտրությունների արդյունքները արտացոլո՞ւմ են նախագահական ընտրությունների ակնկալիքները:

- Չէ, մոտ են, բայց չեն կարող ստերեոտիպով շարունակվել: Բայց մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքների հիման վրա կարող ենք կանխատեսել, որ այստեղ կլինի ընտրազանգված, այստեղ կա մարդկային ռեսուրս, քանի որ երեք կուսակցություններն էլ ունեն իրենց կայուն ընտրողները:

Իմ կարծիքով, պետք չէ այդքան խարազանել ԲՀԿ-ին, որովհետև խորհրդարանական ընտրություններն այլ են: Այդտեղ կուսակցության մասնակցության հարց է: Իսկ նախագահական ընտրությունները միայն կուսակցության հարց չէ, այլ նաև անձերի հարց: Յուրաքանչյուր անձ, երբ մտնում է պայքարի մեջ, պետք է հաշվի առնի մի շարք գործոններ: Այսինքն` այն հզոր ֆինանսական միջոցները, որ պետք է ծախսվեն, ո՞վ է տրամադրում, որքա՞ն է հաղթանակի հավանականությունը և այլն: Եվ վերջապես, այստեղ կա Գագիկ Ծառուկյան անհատի մերկ հաշվարկը` ինչ է ձեռք բերում ինքը մասնակցելով, ինչ է կորցնում մասնակցելով և հաջորդը` ինչ չի կորցնում չմասնակցելով և ինչ է պահպանում չմասնակցելով: Այս երկու հաշվարկների համադրմամբ, կարծում եմ այդ անհատը կայացրեց իր որոշումը: Իհարկե, սա իր անձնական գործն է և ինքն է որոշում` մասնակցել թե ոչ, բայց դրանից ԲՀԿ-ի իմիջը զգալիորեն ընկել է:

- Ի՞նչ կասեք ԲՀԿ-ի ընտրազանգվածի հնարավոր վարքագծի մասին:

- Սոցիալ-տնտեսական շատ ծանր վիճակում գտնվող երկրում բարեգործությունը դարձել է քաղաքական ազդեցության գործիք և դա ինքը Ծառուկյանը շատ լավ հասկանում է և շատ հմտորեն կիրառել է, ինչը ցուց տվեց մայիսյան խորհրդարանական ընտրությունները: Այս պահին այդ ամբողջ ընտրազանգվածն «անտեր» է: Ոմանք ենթադրում են, որ նրանք քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին, բայց ես թերահավատորեն եմ մոտենում դրան: ՄԱԿ-ի հաշվարկներով երկրի բնակչության 45 տոկոսը աղքատ կամ ծայրագույն աղքատ է, և բացառված է որ սա կողմ քվեարկի իշխանությանը:

- Պարոն Քեռյան, օրերս հրապարակվեց Օսկանյան-Զուրաբյան ձայնագրությունը: Ինչպե՞ս եք գնահատում այդ երևույթը:

- Այդպիսի գաղտնազերծումներն անվանվում են սև փիառ, բայց նորմալ եմ համարում, քանի որ բոլոր երկրներում էլ հատկապես ընտրությունների նախօրյակին քաղաքական ուժերը միմյանց նկատմամբ կիրառում են դա: Եվ որպես փայլուն օրինակ կարող եմ բերել բանտային սկանդալը Վրաստանում, որը բերեց իշխանափոխության: «Վրացական երազանքը» «Ազգային միացյալ շարժմանը» հաղթեց ընդամենը 5-6 տոկոս ձայների առավելությամբ, իսկ բանտային սկանդալը 10-15 տոկոսի շարժ բերեց: Սա քաղաքական պրակտիկայում կիրառվող հերթական գործիքն է և մեկ անգամ էլ հաստատում է իմ այն ասածը, որ այսօրվա վակուումային քաղաքական դաշտի պայմաններում թիրախն արդեն ՀԱԿ-ն է և անձամբ Վարդան Օսկանյանը, քանի որ հիմա նկատելի է, որ Օսկանյանի շփումները ՀԱԿ-ի գործիչների հետ շատ ավելի ջերմ են դարձել:
 

Գ. Քեռյան. Հասարակության ուշադրությունը բևեռված է