.jpg)
Ղրիմահայություն. Այվազովսկուց մինչև Սպենդիարյան
Ղրիմը հայերին ծանոթ է հին ժամանակներից, սակայն այնտեղ մշտական հայ բնակչություն է հաստատվում IX դ. սկսած։ Հետագայում, հատկապես XIV դ., մոնղոլներից հալածվող հայ բնակչությունը գաղթում է Ղրիմ։
Հայերի թիվն այնքան է ավելանում, որ թաթարներից հետո նրանք բնակչության քանակով երկրորդն էին։ Իզուր չէ, որ Ղրիմի թերակղզու հարավարևելյան շրջանը հաճախ անվանում էին ծովային Հայաստան։ Հայերը բնակվում էին թերակղզու տարբեր քաղաքներում և մի շարք զուտ հայկական գյուղերում։
Ղրիմահայերը մասնակցում էին մերձսևծովյան շրջանների, ինչպես նաև Կովկասի, Հայաստանի և Սոսկվայի հետ կատարվող առևտրին։ Հայ և օտարազգի վաճառականները Ղրիմ էին ներմուծում գործվածքեղեն, մորթեղեն, պերճանքի առարկաներ, համեմունք և այլն։
Ղրիմից արտահանում էին հաց, ձուկ, կաշի, մոմ, աղ և այլն։ Ղրիմահայ վաճառականները սերտ կապերի մեջ էին հատկապես Լվովի հետ։
Նրանց ձեռքում էր գտնվում թաթարական շրջաններում կատարվող առևտրի մենաշնորհը։ Ղրիմահայերն ավելի պակաս չափերով զբաղվում էին նաև արհեստագործությամբ և գյուղատնտեսությամբ։
Ղրիմահայերն ունեին իրենց եկեղեցին ու դպրոցները։ Նրանք կապ էին պահպանում մայր հայրենիքի ու Կիլիկիայի, ինչպես նաև Կոստանդնուպոլսի, Մոլդովայի և հայաշատ այլ վայրերի հետ։ Այդ կապերը մեծապես նպաստում էին ազգային ավանդույթները պահպանելուն և զարգացնելուն։ Ղրիմում նշանավոր էին հատկապես Թեոդոսիայի Հին Ղրիմի (Սուրխաթ), Եվպատորիայի, Ղարասուբազարի և այլ գաղթօջախները։
Հայերը ստացել էին դավանանքի ազատություն, թույլատրվում էր հիմնել հայկական դատարան (ռատուշա)։ Հայերի ինքնավարությունը խորհրդանշող ռատուշայում ազգային սովորությունների հիման վրա գործավարությունը տարվելու էր հայերեն լեզվով։
Խոշոր առևտրականներից շատերն ունեին ընդարձակ կալվածքներ։ Նրանցից էին Նալբանդովները, Սեֆերովները, Սպենդիարովները, Այվազովսկիները և այլ գերդաստաններ։
Նրանք զբաղվում էին այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, դաշտավարությամբ։ Հոգևոր իշխանությունը՝ հայ եկեղեցին, ևս տիրում էր ընդարձակ կալվածքների։ Սուրբ Խաչ վանքն ուներ ավելի քան 4000 դեսյատին տարածություն։
Ղրիմահայերը մշակութային աշխույժ կյանք ունեցան։ 1815թ. Ղարասուբազարում, ապա Հին Ղրիմում, Թեոդոսիայում, Եվպատորիայում բացվում են դպրոցներ։
1858թ. հիմնվում է Խալիբյան ուսումնարանը։ 20-րդ դարի սկզբներին Ղրիմում կար 9 տարրական դպրոց՝ 250 աշակերտով։ 19-րդ դ. 60-70-ական թվականներին լույս տեսան «Մասյաց աղավնի», «Դաստիարակ» պարբերականները։
Ղրիմահայերը մեր ժողովրդին տվեցին մշակույթի այնպիսի մեծանուն գործիչներ, ինչպիսիք են ծովանկարիչ Հ. Այվազովսկին, երգահան Ալ. Սպենդիարյանը և ուրիշներ։