Քուվեյթի կառավարությունը 100.000 դոլար կտրամադրի սիրիահայերին
26/12/2012 19:35

Քուվեյթի կառավարությունը 100.000 դոլար կտրամադրի սիրիահայերին

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Քուվեյթի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդին, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Հալաջյանը պայմանագիր ստորագրեցին: Այս մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Քուվեյթի հանրապետությունը 5 միլիոն դոլար է հատկացրել սիրիական ճգնաժամի հետևանքով տարբեր երկրներում սիրիացիներին օժանդակություն ապահովելու նպատակով: Քուվեյթի կառավարության որոշմամբ Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության միջոցով 100.000 ԱՄՆ դոլար տրամադրվել է Հայաստանում գտնվող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելուն:

Իսլամական բարեգործական կազմակերպության և Քուվեյթի դեսպանության աշխատակիցների ջանքերով, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության օգնությամբ ուսումնասիրվել են Հայաստանում գտնվող սիրիահայերի կարիքները, գնահատվել են դրանք:

Քուվեյթի դեսպանության աշխատակիցները դիտարկում են կատարել, որի արդյունքում պարզվել է ամենից հարմար գնային քաղաքականությամբ սուպերմարկետը: Որոշվել է սիրիահայ առավել կարիքավոր 1000 ընտանիքի տրամարել 20.000 ՀՀ դրամի քարտ: Սփյուռքի նախարարությունում լրագրողների և սիրիահայերի ներկայությամբ նշված քարտերը տրամադրվեցին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի դեսպանին հետևողական և սրտացավ աշխատանքի համար:

Նախարարի խոսքով՝ օգնության տրամադրումը Քուվեյթի իշխանությունների քաղաքական կամքի դրսևորումն էր: Հ. Հակոբյանը վստահեցրել է, որ քարտերը թափանցիկության ու արդարության սկզբունքով Ամանորի շեմին կբաշվեն Հայաստանում գտնվող ամենից կարիքավոր սիրիահայ ընտանիքներին:

Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդին ի պատասխան հնչող շնորհակալությունների նշել է. «Մենք պարտավոր ենք օգնել՝ առանց կրոնական ու ռասսայական պատկանելիության»:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Հալաջյանը Հայաստանում գտնվող սիրիահայերի անունից շնորհակալություն հայտնեց սիրիահայերի նկատմամբ այնքան անհրաժեշտ սրտացավության և ուշադրության համար:

Քուվեյթի կառավարությունը 100.000 դոլար կտրամադրի սիրիահայերին