.jpg)
«Հայաստանի քաղաքականությունն ուժեղացել է Ադրբեջանի սխալների հաշվին»
Հայաստանի համար արտաքին քաղաքականությունում առաջին առաջնահերթությունը Արևմուտքի և Արևելքի հետ հարաբերություններն են. երբ Հայաստանն էականորեն բարելավել է հարաբերությունները և’ ԵՄ-ի, և’ ԱՄՆ-ի հետ, միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են կայուն:
Ամփոփելով անցնող տարում երկրի արտաքին քաղաքականությունը` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Անցյալ տարվա կարևոր առաջնահերթություններից է նաև հայ-թուրքական հարաբերությունները: Վերլուծաբանի խոսքերով` Հայաստանը շարունակում է ուժեղ դիրքերում մնալ, իսկ սպասելիքները Թուրքիայի վրա են, և հենց նրա գործն է վերադառնալ հարաբերությունների կարգավորմանը:
Արտաքին քաղաքականության հաջորդ միտումը, որի մասին խոսեց Ռ. Կիրակոսյանը, հայ-վրացական հարաբերություններն են, հատկապես, երբ Վրաստանում ձևավորվել է նոր կառավարություն. «Հաշվի առնելով Վրաստանի կառավարության բնույթը` Հայաստանը հնարավություն ունի լինել ավելի կանխատաեսելի և երևալ ավելի փորձառու»:
Հայ-իրանական հարաբերությունների համատեքստում Ռ. Կիրակոսյանն ասաց, որ Հայաստանը պետք է զգույշ լինի` Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու առումով:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, վերլուծաբանն ասաց, որ Ադրբեջանի մասին կարելի է շատ խոսել, սակայն նորություն քիչ կա ասելու: «Ղարաբաղյան կարգավորման հարցում շատ քիչ բան է փոխվել, փոխվել է, սակայն, Ադրբեջանը` դառնալով անխոհեմ, անկանխատեսելի և ինքն իրեն վնասող»,- ասաց նա` ընդգծելով, որ մարդասպանին ներելը որոշակի իմաստով նվեր էր Հայաստանին:
«Սա ապացուցում է, որ Ղարաբաղը չի վերադառնա և չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը` Ռ. Կիրակոսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ` Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուժեղ դիրքերում է, սակայն Հայաստանը պետք է լինի ավելի նախաձեռնող` այդ ուժը պահելու և ամրապնդելու համար:
«Այլ կերպ ասած` Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուժեղացել է Ադրբեջանի կողմից թույլտված սխալների արդյունքում, և ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության նախաձեռնողականության շնորհիվ»,- եզրափակեց խոսքը վերլուծաբանը: