Թուրքիան հայկական սփյուռքի հետ աշխատելու նոր ռազմավարություն է մշակում
26/12/2012 12:25

Թուրքիան հայկական սփյուռքի հետ աշխատելու նոր ռազմավարություն է մշակում

«Արաբական գարունը և սիրիական խնդիրը առաջնային էին Թուրքիայի համար, քրդական հարցը առաջին պլան է մղվել, ինչը հանգեցրեց հայ-թուրքական հարաբերությունների հետին պլան մղմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2012թ.-ին հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած զարգացումները՝ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Թուրքիայի դիրքերը Մերձավոր Արևելքում բավականին թուլացան՝ Գազայի և Իսրայելի մինչև հակամարտության ժամանակ միջամտեց ոչ թե Թուրքիան, այլ Եգիպտոսը:

«Թուրքիան ևս նախապատրաստվում է 2015թ.-ի Հայոց ցեղասպանութան հարյուր ամյակին և փորձում է հայկական սփյուռքի հետ նոր ռազմավարություն մշակել ու աշխատել սփյուռքի հետ»,-ասաց Շաքարյանը:

Վատիկանը սկսում է բացահայտել իր արխիվները, որոնք կապ ունեն Հայոց ցեղասպանության հետ և Թուրքիայում ստեղծվել են վերլուծական կենտրոններ, որոնք զբաղվելու են այդ արխիվների ուսումնասիրությամբ:

«Մենք նույնպես պետք է աշխատանք տանենք այդ արխիվները ուսումնասիրելու համար և պետք է ստեղծել մի մեծ պետական կենտրոն, որը 2015թ.-ին ընդառաջ ակտիվ աշխատանքներ կիրականացներ, այժմ մեր հաջողությունները պայմանավորված են նախկինում արձանագրած արդյունքների իներցիայով»,-ասաց բանախոսը:

Թուրքագետի խոսքերով, Թուրքիայի հին ռազմավարության մեջ է մտնում նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մեջ ներգրավվելը և Անկարան առաջ է բերում ղարաբաղյան խնդիրը՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հեռանկարներին՝ նշեց, որ Թուրքիան փորձելու է որոշ քայլեր ձեռնարկել, միջազգային հանրությանը ցուցադրելու համար, թե Թուրքիան փորձում է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել:

Շաքարյանը ասաց, որ 2013թ.-ին Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնք նույնպես կարող են բացասական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորությունների վրա: 

Թուրքիան հայկական սփյուռքի հետ աշխատելու նոր ռազմավարություն է մշակում