.jpg)
Ստյոպա Սաֆարյան. Ընտրությունների նախաշեմին էլեկտորատը հիասթափված է
2012-ը ձգձգվող կոնֆլիկտների տարի էր. ամփոփելով անցնող տարին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
Նա ասաց, որ խորհրդարանական ընտրություններն ի զորու չեղան լուծելու այն կոնֆլիկտները, որոնք հասունացել էին քաղաքական ուժերի միջև:
«Իշխող կուսակցությունը և Սերժ Սարգսյանը որևէ մեթոդի առաջ կանգ չառան՝ թուլացնելու ընդդիմադիր ճակատին»,- ասում է Ս. Սաֆարյանը՝ օրինակ բերելով Օսկանյանի շուրջ ստեղծված պատմությունը, «ատկատների» թեման և այլն:
Խոսելով քաղաքական կուսակցությունների մասին՝ բանախոսն ասաց, որ ԲՀԿ-ՀՀԿ դիմակայությունն ավարտվեց բավականին վաղ, և նախագահական ընտրություններին, ԲՀԿ առաջնորդի չառաջադրվելով, ծանր վիճակ ստեղծվեց ՀԱԿ-ի համար. «Այժմ ականատես ենք լինում մի վիճակի, երբ ՀԱԿ-ը կանգնած է բարդ վիճակում՝ կորցնելով մեծ ընտրազանգված»:
Նա պատահական չհամարեց «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի առաջադրումը, որը, ըստ Սաֆարայնի, մեկ նպատակ ունի՝ շահել ՀԱԿ-ի կորցրած էլեկտորատի ձայները:
Ինչ վերաբերում է իր ներկայացրած կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրմանը, Ս.Սաֆարյանն ասաց, որ նա միակ լուրջ մրցակիցն է առկա թեկնածուների մեջ:
Նա չի կիսում այն կարծիքը, թե Սերժ Սարգսյանի համար դաշտը մաքուր է: Ս.Սաֆարյանը վստահ է, որ դեռ ինտրիգներ կլինեն. «Դաշտում հետագա զարգացումներ հաստատ կլինեն, ես կարծում եմ, որ թեկնածուների և նրանց ընտրազանգվածը դեռ կակտիվանա»:
Ամփոփելով խոսքը՝ Ս.Սաֆարյանն ասաց, որ նախագահի ընտրությունների նախաշեմին էլեկտորատը հիասթափված և շփոթահար է: