Թեկնածու. Ես մրցակիցներ չունեմ, 81 տոկոսը հենց այն թիվն է, որ ինձ կբավարարի
26/12/2012 20:17

Թեկնածու. Ես մրցակիցներ չունեմ, 81 տոկոսը հենց այն թիվն է, որ ինձ կբավարարի

Այսօրվանից էպոսագետ Վարդան Սեդրակյանը պաշտոնապես ՀՀ նագահական ընտրությունների թեկնածու է: Այս առիթով Aysor.am-ի թղթակիցը զրուցեց թեկնածուի հետ:

- Պարոն Սեդրակյան, ինչպե ՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները գալիք նախագահական ընտրություններում:
- Ես բազմիցս նշել եմ, 81 տոկոսը հենց այն թիվն է, որն ինձ կբավարարի:

- Իսկ գալիք ընտրություններում ո ՞վ է Ձեր գլխավոր մրցակիցը:
- Ես մրցակիցներ չունեմ, ես չեմ եկել մրցակցելու: Իմ գլխավոր նպատակն է միավորել երեք նախկին նախագահներին մեկ պետական ապարատի մեջ:

- Պարոն Սեդրակյան, իսկ ինչի ՞ հաշվին եք պատրաստվում ստանալ ընտրողների ձայների 81 տոկոսը:
- Հենց այն գաղափարախոսության հաշվին, որ պատրաստվում եմ միավորել երեք նախագահներին: Նրանք ունեն բազմաթիվ համակիրներ ու նրանց ընտրազանգվածն այս անգամ կընտրի ինձ:

- Խոսեցինք նախկին նախագահների մասին, ինչպե ՞ս կմեկնաբանեք Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումը:
- Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին ես խոսել եմ դեռ աշնանը: Ես ասում էի, որ ո'չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո'չ Քոչարյանը չեն առաջադրվի: Տեր-Պետրոսյանը չափից դուրս իմաստուն մարդ է, նա անցել է ամբողջ այդ էպոսների, գրողների դպրոցը, և նա շատ լավ հասկանում է, թե ես ինչ եմ ասում ու ինչ եմ պատրաստվում անել, հետևաբար, նա արհեստական խոչընդոտներ չի ստեղծի իմ ճանապարհին:

- Պարոն Սեդրակյան, առաջին հերթին ի ՞նչ կանեք ՀՀ Նախագահ ընտրվելուց հետո:
- Ես բազմիցս ասել եմ, առաջին հերթին ես լուծարելու եմ Ազգային ժողովը և կազմակերպելու եմ ազատ, արդար ընտրություններ: Ես որևէ կուսակցությունից առաջադրված չեմ, որևէ կուսակցության չեմ սատարում, ըստ այդմ` ձևավորելու է ազնիվ, արդար Ազգային ժողով: Ես ուզում եմ, որ խորհրդարանը լուրջ հակակշիռ դառնա նախագահի ինստիտուտին:

- Եվ վերջում, տոներին ընդառաջ ի ՞նչ կմաղթեք Ձեր ընտրողներին:
- Ոչ միայն իմ ընտրողներին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և բոլոր հայերին ես մաղթում եմ, որ մենք ունենանք արդար պետություն:

Հիշեցնենք, որ այսօր պաշտոնապես առաջադրվել են նաև Պարույր Հայրիկյանն ու Մհեր Հայրապետյանը: 

Թեկնածու. Ես մրցակիցներ չունեմ, 81 տոկոսը հենց այն թիվն է, որ ինձ կբավարարի