.jpg)
Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը փետրվարի 18-ին անակնկալները չի բացառում
2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը կառաջադրի նաև ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ա. Մելիքյանն ասաց, որ առաջադրվում է` վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հաշվի առնելով Հայաստանի առջև կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերները, որոշել է առաջադրվել ընտրություններում: Նա, սակայն, չցանկացավ պարզաբանել, թե ինչ ներքաղաքական վիճակ է և ինչ մարտահրավերներ են ծառացել Հայաստանի առաջ` պատճառաբանելով, թե շուտով ասուլիս կհրավիրի և մանրամասն կներկայացնի իր առաջադրման պատճառները:
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ձեր շանսերը, Ա. Մելիքյանն ասաց, որ շանսերը գնահատելու խնդիր չի տեսնում, քանի որ պետք է կարողանալ ապահովել ընտրությունների իրավաչափությունն ու արդարացիությունը, «խնդրի լուծման դեպքում միայն կարելի է խոսել շանսերի մասին»:
ԼՂՀ նախկին ԱԳ նախարարը չի կիսում այն տեսակետը, թե նախագահական ընտրությունների ելքը կանխորոշված է և մրցակցություն չի լինի. «Ամբողջ խնդիրը կապված է նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն Հայաստանում մինչև փետրվարի 18-ը: Եթե հնարավոր լինի ապահովել ընտրությունների արդար և իրավաչափ լինելը, ապա ամսի 18-ին չի բացառվում, որ լինեն անակնկալներ»:
Ի պատասխան հարցին, թե նախագահական ընտրություններին ինքը կլինի՞ ընդդիմադիր թեկնածու, Ա. Մելիքյանը թեև ասաց, որ նման որակում ինքն իրեն չի տալիս, սակայն. «Քանի դեռ գործող իշխանությունները բավարար չափով չեն համապատասխանում իմ պատկերացումներին, ես համարում եմ` այո»:
Նախորդող հրապարակում`
Նախագահական ընտրություններում առաջադրվում է նաև Արման Մելիքյանը