.jpg)
Քաղտեխնոլոգ. Կունենանք էպոսագետին հաղթած նախագահ
Հայաստանում նախագահական ընտրությունները չսկսված, փաստ է, որ կունենանք էպոսագետին հաղթած նախագահ: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, գնահատելով 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները, ասաց Քաղաքական ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
Հարցին, թե Հայաստանի միջազգային վարկանիշի վրա ինչպե՞ս կանդրադառնա առանց լուրջ մրցակիցների ընտրությունը, փորձագետը նկատեց, որ Հայաստանի միջազգային վարկն այլևս ոչ մեկի չի հետաքրքրում: «Այստեղ ուրիշ խնդիրներ կան, որոնք գերտերությունները փորձում են լուծել: Քանի դեռ Հայաստանի կողմնորոշման հարցը չի լուծվել, իշխանության հարցը վերջնականապես չի կարող լուծվել»,- ասաց նա` հավելելով, որ կողմնորոշման հարցը պետք է լուծվի առաջիկա 2 տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է նախագահի ընտրություններին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելուն և ՀԱԿ հնարավոր այլ թեկնածունին, Ա. Բադալյանը նշեց, որ հնարավոր է ՀԱԿ-ականները թողնեն ազատ քվեարկության, «որովհետև հասկանալի է, որ ՀԱԿ-ի հաղթող թեկնածուն նրանց առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էր»:
«Նրանից բացի որևէ մեկի առաջադրումը ՀԱԿ-ի կողմից կլինի անտրամաբանական: Դա կնշանակի` մասնակցություն զուտ մասնակցության համար, սակայն չեմ կարծում, թե ՀԱԿ-ը նման անլուրջ և անտրամաբանական քայլ կանի»,- ընդգծեց նա:
Դիտրակմանը, թե ընտրություններին թեկնածու չառաջադրելը տրամաբանակա՞ն է, Ա. Բադալյանը համաձայնեց` նկատելով. «Աշխարհաքաղաքական կենտրոնները իրականացնում են սցենարներ, և ՀԱԿ-ն այդ սցենարներում որևէ բան չէր կարող փոխել, իսկ այդ սցենարներում ՀԱԿ-ը հաղթանակ չուներ»:
Ինչ վերաբերում է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի առաջադրմանը և նրա շուրջ համախմբվելուն, ապա Ա. Բադալյանը դա հավանական չի համարում, քանի որ. «Ինչպես Բագրատյանը նշեց, նա չի գնում հաղթելու համար, այլ գնում է անձնական խնդիրներ լուծեու… որպեսզի իր կողմ բերի լիբերալ ազատական ուժերին»:
Ամփոփելով խոսքը` Aysor.am-ի զրուցակիցն ասաց, որ նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը կստանա այնքան ձայն, որքան կնկարվի նախագահի շրջապատի կողմից: