27/12/2012 18:09
Հայոց ցեղասպանության մասին հոդվածը ռուսալեզու Wikipedia-ում լավագույնն է
Հայոց ցեղասպանության մասին հոդվածը ռուսալեզու Wikipedia-ում համարվել է «Հասարակություն» անվանակարգում տարվա լավագույն հոդված:
Տարվա հոդված մրցույթը կազմակերպվում է ամեն տարի, իսկ հաղթողները որոշվում են քվեարկության միջոցով:
2012 թ.-ի քվեարկության արդյունքով Հայոց ցեղասպանության մասին հոդվածը դարձել է առաջինը ոչ միայն «Հասարակություն» անվանակարգում, այլև մրցակիցների համեմատ ստացել է առավելագույն քանակությամբ «կողմ» ձայներ:
Հոդվածը դարձել է վարկանիշային սանդղակի ոչ ֆորմալ առաջատարը:
Aysor.am-ի հետ զրույցում հոդվածի հիմնական հեղինակ, Wikipedia-ում Divot անունով հայտնի օգտատերը պատմեց, որ հոդվածի ստեղծման աշխատանքներում իրեն անգնահատելի օգնություն է ցուցաբերել Wikipedia-ի մեկ այլ օգտատեր Hayk-ը, լրագրող Մարկ Գրիգորյանը (BBC, Լոնդոն):
Խորհրդատվական օգնություն են ցուցաբերել հայտնի պատմաբաններ Ռոնալդ Սյունին, Ջորջ Բուրնուտյանը և Պիտեր Գոլդենը:
Որոնողական համակարգերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոնման ժամանակ այդ հոդվածը գտվում է առաջին հորիզոնականում: Որակյալ, հավասարակշռված և ստուգված հոդվածի առկայությունը թույլ է տալիս օտարերկրացի օգտատերերին տեղեկություններ ստանալ թեմայի վերաբերյալ և չդառնալ ապատեղակատվության զոհ:
Նշվում է, որ 2012 թ.-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության մասին հոդվածն ընդգրկվել է «ընտրյալների» շարքում, չնայած, որ Wikipedia-ում հոդվածների քանակն անցնում է միլիոնից: