.jpg)
Ֆորմալ առումով վրաց-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական են
«Այն սպասումները, որ Ադրբեջան այցի ժամանակ վրացական կողմը հատկապես երկաթգծի հետ կապված հարցերում գնալու է զիջումների, կարելի է ասել, արդարացան, սակայն դեռևս պետք է սպասել ավելի հստակ տեղեկատվության՝ այցի հետ կապված, իսկ ընդհանուր տրամաբանությունը հուշում է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում բեկումնային փոփոխություններ դժվար թե տեղի ունենան»,-Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանալով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Բաքու կատարած այցը և ադրբեջանա-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը, ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա նշեց, որ եթե վրացա-ադրբեջանական հարաբերությունները դիտարկենք ֆորմալ ձևով, ապա կարելի է ասել, որ բոլոր պաշտոնական փաստաթղթերում, այդ թվում Վրաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունում, Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դիտարկվում են որպես ռազմավարական բնույթ կրող հարաբերություններ:
«Վրաստանի իշխանությունները փոխվել են, և ադրբեջանա-վրացական հարաբերություններում կարելի է սպասել որոշակի փոփոխությունների, սակայն թե ինչ բնույթ կկրեն այդ փոփոխությունները՝ պարզ կլինի մի քանի ամսից, երբ որոշակի հստակություն մտնի վրացական ներքին քաղաքականության մեջ»,-ասաց քաղաքագետը:
Ս. Մինասյանը ասաց, որ Վրաստանում տեղի ունեցող ներքին զարգացումները նույնպես կարող են ազդեցություն թողնել Վրաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վրա և պետք է սպասել, արդյո՞ք Իվանիշվիլին կկարողանա վերջնականապես հաղթել Սահակաշվիլիին, և Սահակաշվիլին իշխանական դաշտում կպահպանի արդյո՞ք միայն իր ֆորմալ գոյությունը:
Նա հավելեց, որ ինքը չի կարծում, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև սահմանի հստակեցման և սահմանազատման խնդիրները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Բաքվի և Թբիլիսիի միջև առկա հարաբերությունների ապագայի վրա: