Սուրեն Քրմոյան. «Զիպրեքսան» էժան է, բայց անորակ չէ
27/12/2012 18:05

Սուրեն Քրմոյան. «Զիպրեքսան» էժան է, բայց անորակ չէ

Օրեր առաջ հոգեկան հիվանդություն ունեցող անձանց հարազատները նամակով դիմել էին ՀՀ Նախագահին: Նամակում հարազատները մտահոգություն էին հայտնում, որ 2005թ.-ից անվճար տրամադրվող «Զիպրեքսա» դեղամիջոցը, որի շնորհիվ բարելավվել է նրանց առողջական վիճակը, այս տարի պետգնումների շրջանակում գնվելու է ցածր սակագնով, որն էլ ենթադրվում էր լինելու է ոչ որակյալ:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը խնդրի առնչությամբ նշեց, որ նամակի մասին գիտի, սակայն մտահոգված չէ, քանի որ, ըստ նրա, գնվել և գնվում են ստուգված դեղեր և այդ ուղղությամբ «շահարկումներ թույլ չեն տա»:
Նա նաև վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ արդար մրցույթ լինի և հաղթի որակյալ դեղը:

Իսկ ինչ վերաբերում է էժան լինելուն, ապա Ս. Քրմոյանը նշեց, որ ցածր գինը հնարավորություն կտա ավելի շատ հիվանդների դեղով ապահովել և ոչ մի անորակ դեղ պետական գնումներով ոչ միայն չի գնվի, այլև նման դեղ Հայաստանում չի գրանցվում և մուտք չի գործում:

ԱՆ պաշտոնյայի տեղեկություններով, Հայաստանում կա կանադական «Զեպրեքսան», որը մարդասիրական օգնություն է և ևս երկու սուբյեկտ են ներկրում. դեղամիջոցը ստուգված և գրանցված է, անցել է բոլոր փորձարկումները և
«անորակ դեղ չի կարող գնվել»:

Նշենք նաև, որ տեղեկատվություն կար, որ «Զիպրեքսա» դեղամիջոցը վերջին երեք տարներին գնվում է 250 հիվանդի համար, սակայն դեղի պահանջարկն ավելի մեծ է:

 

Նախորդող հրապարակում՝  Ո՞ւր է «Զիպրեքսա». Մարդիկ օգնության կարիք ունեն, դիմել են Նախագահին


 

Սուրեն Քրմոյան. «Զիպրեքսան» էժան է, բայց անորակ չէ