.jpg)
2012թ.-ին Սիրիայի ինքնիշխանությունը դրվեց հարցականի տակ
«Սիրիայի համար 2012թ.-ին շատ լուրջ մարտահրավերներ են արձանագրվել` երկիրը ենթարկվել է արտաքին ագրեսիայի և հարցականի տակ է դրվել Սիրիայի ինքնիշխանությունը»,-Aysor.am-ի հետ զրույցում ամփոփելով 2012թ.-ին Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը ասաց արևելագետ Արաքս Փաշայանը:
Նա նշեց, որ Սիրիայում այս փուլում տեղի է ունենում ոչ թե քաղաքացիական պատերազմ, այլ ավելի շատ այդ երկիրը ենթարկվել է արտաքին ագրեսիայի:
«Սիրիայում գործում են տարբեր երկրներից եկած վարձկաններ, Սիրիայի ազատ բանակը անմիջապես ֆինանսավորվում և ռազմատեխնիկական աջակցություն է ստանում դրսից»,-ասաց արևելագետը:
Նրա խոսքով, Սիրիայում կա լուրջ դժգոհություն Ասադի վարչակազմից, երկրում գոյություն ուներ լուրջ ընդդիմություն նրա հոր իշխանության օրոք, սակայն այդ ընդդիմադիրները գործում են այլ հարթությունում, նրանց մի մասը դիսիդենտներ են, որոնք գտնվում են բանտերում:
Ա. Փաշայանն անդրադառնալով Բաշար Ասադի քաղաքական ճակատագրին նշեց, որ Ասադի վարչակարգը հեռանկար չունեցող վարչակարգ է, սակայն դժվար է ենթադրել, թե երբ կտապալվի նրա իշխանությունը:
«Ասադը դեռևս ունի ռեսուրսներ Սիրիայում և նրա սահմաններից դուրս, սակայն այդ երկրի ապագան գտնվելու է այլ ուժերի ձեռքերում»,-ասաց բանախոսը:
Ըստ նրա, Սիրիայում այժմ գործում են թե աշխարհիկ, թե իսլամամետ ուժերը, սակայն իր կարծիքով, կգա մի պահ, երբ իսլամիստները կփորձեն ընդլայնել իրենց դիրքերը Սիրիայում:
Նա ասաց, որ Սիրիայի «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը, որը Սիրիայում գործում է դեռևս 1940-ական թթ.-ից փորձում է ամրապնդել իր դիրքերը, սակայն այդ երկրում կան ավելի ծայրահեղ իսլամական ուժեր:
Փաշայանը հավելեց, որ Սիրիայում իսլամական դաշտը շատ բարդ խճանկար ունի, այստեղ ներկայացված են և ծայրահեղական իսլամիստները և չափավորները, իսկ Ասադի վարչակարգի հեռանալուց հետո նրանք կփորձեն հավակնել Սիրիայի իշխանությանը: