.jpg)
Ադիբեկյան. Ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ Սարգսյանը վերընտրվի
Գալիք նախագահական ընտրություններում հավաքելով ընտրողների ձայների 72 տոկոսը` կհաղթի գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ տեղում 21 տոկոսով կհայտնվի Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնն արդեն սկսել է իր հարցումները: Կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նախագահի փոփոխությունը գրեթե անհավանական է համարում.
«Րաֆֆին լավ վարկանիշ ունի ու կարող է լավ տոկոսով երկրորդ տեղ զբաղեցնել, բայց նրա հաղթելու հավանականությունը ձգտում է զրոյի»:
Ադիբեկյանն, ըստ հարցումների արդյունքների, առանձնացնում է 4 հիմնական թեկնածու` Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան և Պարույր Հայրիկյան:
«Բագրատյանի հետ կապված` դեռ մութ հարցեր կան: Օրինակ, պարզ չէ, թե ի՞նչ է անելու ծայրահեց ընդդիմությունը` նստելու է տա՞նը, թե՞ գնալու է ընտրատեղամաս ու գնալու դեպքում ո՞ւմ է ընտրելու: Ըստ իս, առավել հավանական է, որ այս զանգվածի մեծ մասի ձայները գնան հենց Բագրատյանին: Ծայրահեղ ընդդիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանին հաստատ չի ընտրի»,- ասաց սոցիոլոգը:
Ըստ Ադիբեկյանի` գործող Նախագահի հաղթանակին ամենից շատ նպաստեց հենց ընդդիմությունը, որն այդպես էլ չկարողացավ միավորվել, չնայած դեռ ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններից ուներ դրա հնարավորությունը:
Սոցիոլոգը անկանխատելելի է անվանում նաև Պարույր Հայրիկյանի ընտրազանգվածը.
«Այս գործիչը բավականին լավ ձայներ էր հավաքում նախկինում: Կարծում եմ, չառաջադրվողների ձայներից նրան էլ բաժին կհասնի: Բայց, այնուամենայնիվ, ընտրություններում լավ արդյունքի հասնելու համար պետք է ունենալ լավ թիմ, շտաբներ, որոնք կաշխատեն ամեն մանրուքի վրա»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ- ի ձայներին, Ադիբեկյանը չկարողացավ նշել դրանց հստակ հասցեատիրոջը.
«Այստեղ մի հարց կա, Ծառուկյանի ընտրազանվածը հիմնականում կանայք են, այն էլ` խանդոտ կանայք: Նրանք, կարծում եմ, չեն դավաճանի իրենց թեկնածուին և միգուցե չմասնակցեն ընտրություններին»:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ սոցիոլոգիական հաջորդ տվյալները կլինեն հունվարին: