.jpg)
Դումանյան.2013-ին կվերականգնվեն բժիշկ-հիվանդ հարգալից փոխհարաբերությունները
«Մի քանի օրից 2012 թվականը ևս կանցնի պատմության գիրկը։ Եվ ինչպես միշտ, բոլորիս կհամակի նոր տարին նոր հույսերով ու ակնկալիքով դիմավորելու անկրկնելի զգացումը»: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի շնորհավորական ուղերձում:
«Սիրելի հայրենակիցներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Երկիր մոլորակի հերթական պտույտի ավարտը մեկ անգամ ևս ցանկացած գիտակից մարդու կպարտադրի հետադարձ հայացք նետել անցնող տարում ապրած կյանքին, գնահատել ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրել առաջիկա անելիքները:
Առողջապահության ոլորտի համար 2012 թվականը վճռորոշ էր այնքանով, որ բացի բարեփոխումների ծրագրերը շարունակելուց, մեզ հաջողվեց համակարգում առկա հիմնախնդիրների արմատական լուծման համար բարենպաստ հող և իրավական հիմքեր նախապատրաստել։ Վստահ եմ, որ շարունակաբար իրականացվող քայլերը նկատելի արդյունքներ կտան դեղերի ոլորտի խնդիրների կարգավորման, մարզերի առողջապահական համակարգի զարգացման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման, մեր բուժաշխատողների համար արժանապատիվ աշխատանքային պայմանների ստեղծման և այլ ուղղություններում։
Մեր առջև խնդիր ենք դրել վերականգնել ինչ-ինչ պատճառներով խաթարված բժիշկ-հիվանդ հարգալից փոխհարաբերությունները։ Մեր բժիշկներն աստվածահաճո առաքելություն են կատարում և արժանի են, որ իրենց նվիրումին, իրենց կատարած աշխատանքին համապատասխան վարձատրվեն։ Վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում կկարողանանք հասնել նաև նրան, բուժաշխատողները կգնահատվեն ըստ արժանվույն։
Ես մաղթում եմ, որ 2013 թվականը մեր բուժաշխատողներին և նրանց ընտանիքներին պարգևի միայն երջանիկ ու խաղաղ օրեր։ Առանձնահատուկ ուզում եմ հիշել ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում մեր երկրի անառիկությունը պահող հայ զինվորների առողջության մասին։ Կրկնակի պատասխանատվություն ստանձնած մեր այս մասնագետներն իրենց բժշկական խալաթով և սպայի համազգեստով հույսի, ուժի, պաշտպանվածության խորհրդանիշ են։
Որպես առողջապահության նախարար Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող մեր ժողովրդին առաջին հերթին մաղթում եմ ամուր առողջություն։ Ուզում եմ ոչինչ չխաթարի մեր ջանասեր ու խելացի հայրենակիցների արգասաբեր արարումը և երջանիկ կյանքը:
Շատ եմ ցանկանում, որ 2013-ին բոլոր հայ օջախներում ու բոլորի հոգիներում միշտ խաղաղություն ու սեր լինի, որ մեր երկրում այնքան դրական փոփոխություններ կատարվեն, որ յուրաքանչյուր հայի սիրտը հպարտությամբ լցվի»։