.jpg)
Ղուլյան. Շնորհավորանքս նախ ուղղում եմ ազատամարտիկների ընտանիքներին
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
«2012 թվականը դառնում է պատմություն՝ մեր հիշողության մեջ մնալով որպես Շուշիի ազատագրման, ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակի հոբելյանական և Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական 5-րդ ընտրությունների տարի։
2013 թվականին կբոլորի Արցախի ինքնուրույնության և ազատության համար մեր պայքարի քառորդ դարը: Լրանում է 25 տարին, ինչ մենք ապրում ենք արժանապատվորեն: Միաժամանակ կրում ենք սեփական ճակատագրի համար պատասխանատվություն:
Մեզ հաջողվել է համազգային միասնության շնորհիվ քսաներորդ դարավերջին կյանքի կոչել ազատ ու անկախ ապրելու մեր նախնյաց նվիրական իղձերը, դիմակայել ու հաղթահարել մեզ պարտադրված դաժան պատերազմի արհավիրքները, հաստատել ու կառուցել ինքնիշխան և ինքնաբավ պետություն՝ իր բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով։
Մենք դեռևս չենք լուծել բազմաթիվ խնդիրներ: Բայց մենք անկեղծորեն ուզում ենք կերտել ազատ, արդար, ժողովրդավարական և սոցիալական երկիր: Դա բոլորիս վեհ նպատակն է: Դեպի մեր իղձերի հասարակություն տանող ճանապարհն անցնում է հանրային, քաղաքական և սոցիալական երկխոսության միջով:
Չեմ կարող խոնարհումի իմ խոսքը չասել ի հիշատակ Արցախի ազատության համար նահատակվածների: Միաժամանակ, շնորհավորանքս առաջին հերթին ուղղում եմ նրանց ընտանիքներին` մայրերին, կանանց, զավակներին:
Վստահ եմ, որ Նոր տարվա գիշերը արցախյան բոլոր օջախներում նորից են հնչելու մեր երկրի սահմանները հսկող զինվորներին և նրանց հրամանատարներին ուղղված օրհնանքն ու բարեմաղթանքները:
Մենք համոզված ենք՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու Արցախի ժողովրդի պայքարն օրինական է ու արդարացի և, որպես այդպիսին, անպայման ենթակա է ու արժանի միջազգային ճանաչման։
Ու թող 2013 թվականը երջանիկ տարի լինի մեզ համար, լինի կայուն խաղաղության, նոր հաջողությունների, բարօրության տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: