.jpg)
Հայ աստղագետները ամփոփում են տարին
Հայ աստղագետներն ամփոփեցին 2012թ. արդյունքները: Այն չափազանց հարուստ էր իրադարձություններով և ինչպես մի շարք նոր գիտական նվաճումների և ձեռքբերումների, այնպես էլ գիտության շարունակական չափազանց ցածր ֆինանսավորման պայմաններում գիտնականների նվիրական աշխատանքի տարի էր: Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) աշխատակիցների կողմից ստացվել են մի շարք կարևոր գիտական արդյունքներ աստղերի, աստղառաջացման տիրույթների և ակտիվ գալակտիկաների ուսումնասիրության, տեսական աստղաֆիզիկայի խնդիրների լուծման և այլ ուղղություններով: Հայնաբերվել են հարյուրավոր նոր տիեզերական մարմիններ: Տպագրվել է 35 գիտական աշխատանք միջազգային հեղինակավոր ամսագրերում, 3 էլեկտրոնային կատալոգ, 13 աշխատանք գիտաժողովների նյութերի ժողովածուներում: Տպագրվեց ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների 2011-ին Երևանում կայացած կոնֆերանսի նյութերի ժողովածուն:
ԲԱ գիտնականները սերտ համագործակցության մեջ են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, և այլ երկրների աստղագիտական կենտրոնների հետ: ԲԱ աշխատակիցները 2012թ. արժանացել են Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ՀԱԳԿՀ) 3 դրամաշնորհի և ԳՊԿ և Ֆրանսիայի CNRS-ի համատեղ 1 դրամաշնորհի: Հայ աստղագիտությունը հաջողությամբ ներկայացվել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Պեկինում կայացած, Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) Հռոմում կայացած և Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԱԸ) Մոսկվայում կայացած համագումարներում և ԵԱԸ ազգային աստղագիտական ընկերությունների Շվեյցարիայում կայացած խորհրդակցությանը:
ԲԱ ստացավ Ազգային արժեքի կարգավիճակ և ներկայումս հանդիսանում է այդպիսի կարգավիճակ ունեցող ՀՀ 4 գիտական, կրթական և մշակութային հաստատություններից մեկը (Մատենադարան, ԵՊՀ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ԲԱ): Համապատասխանաբար, 2013-ին կավելանա ԲԱ ֆինանսավորումը, և գումարների զգալի մասը կուղղվի հայելապատման արտադրամասի վերաշահագործմանը և աստղադիտակների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում ստեղծվեց Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) համակարգչային նոր սերվերը, որի վրա տեղադրվեցին մի շարք կիրառություններ:
Անցկացված միջոցառումներից կարևորագույններն էին սեպտեմբերին կայացած 4-րդ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցը և Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով պատմա-աստղագիտական գիտաժողովը: Տարվա ընթացքում ԲԱ հանդիսանում էր Անանիա Շիրակացու 1400-ամյակի տոնակատարության նախաձեռնողն ու հիմնական կազմակերպիչը. այդ տարեդարձն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալից տարեդարձների ցանկում:
Նոյեմբերին ՀՀ 30 դպրոցներում Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպվեցին դասախոսություններ պրոֆեսիոնալ աստղագետների կողմից, ԲԱ-ում հոկտեմբերին կազմակերպվեց աստղագիտական գրքի ցուցահանդես, նշվեցին հայ աստղագետների տարեդարձները, ամբողջ տարվա ընթացքում ակտիվորեն գործում էր գիտական լրագրության խումբը, որի շրջանակներում ՀԱԸ տարածեց մամուլի 103 հաղորդագրություն, տպագրվեցին աստղագիտական օրացույցներ և գրքույկներ, ՀԱԸ համացանցային կայք-էջում ստեղծվեցին 2012թ. և 2013թ. «Աստղագիտական իրադարձությունների օրացույց», Արեգակի և Լուսնի 2001-2050թթ. խավարումների, «Աստղագիտական գրքերի տեղեկատու» և Անանիա Շիրակացու էջերը:
Հայ երիտասարդ աստղագետները մասնակցեցին մի շարք երիտասարդական կոնֆերանսների ու ամառային դպրոցների: Երևանի ֆիզ.-մաթ. դպրոցում սեպտեմբերին անցկացվեց ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադա, որտեղ 16 մեդալներից 6-ը նվաճեցին հայ պատանիները: Մայիսին Բյուրականում անցկացվեց նաև հանրապետական աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: