Ինչպես և որտեղ գտնել իսկական Ձմեռ պապ
29/12/2012 16:44

Ինչպես և որտեղ գտնել իսկական Ձմեռ պապ

Նոր տարվա գլխավոր խորհրդանիշներից է Ձմեռ պապը, որի գալստյանը անհամբերությամբ սպասում են անգամ 21-րդ դարում ապրող երեխաները:

Հայաստանում Ձմեռ պապի և Ձյունանուշի ծառայություններ առաջարկում են բազմաթիվ ընկերություններ: Նրանցից շատերի պատասխանատուների խոսքով, արդեն իսկ ունեն բազմաթիվ պատվերներ:

Aysor.am-ը հարցախույզ է արել`պարզելու, թե ինչ արժի Ձմեռ պապի և Ձյունանուշի այցելությունը դեկտեմբերի 31-ին տներ, և ինչպես անել, որ նրա մասին հիշողությունները լուսավոր մնան:
 
Արդեն երկրորդ տարին Երևանի քաղաքապետարանը քաղաքացիների սպասարկումը կազմակերպելու համար Ձմեռ պապերի ու ձյունանուշների համար մրցույթ է կազմակերպում: Այս տարվա մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են:
 
«Այս տարի հայտ էին ներկայացրել մոտ 40 թեկնածուներ, որից ընտրվել են 15 Ձմեռ պապեր, 8 ձյունանուշներ, որոնք կարող են մարդաշատ վայրերում գործուենություն ծավալել: Ընտրության չափանիշներն են եղել, որ նախ, նրանք պետք է համապատասխանեն մեր բնակչության տեսլականին, նա պետք է լինի որոշակի գիտելիքների կրող, իմանա հեքիաթներ, ունենա համապատասխան ձայնի տեմբր, համապատասխան արտաքին տեսքը, այդ պատճառով էլ ընտրվեցին նրանք»,-Aysor.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քաղաքապետարանը նաև շրջայցեր է կատարում քաղաքում, և որևէ թերացում նկատելու դեպքում՝ Ձմեռ պապերը կարող են զրկվել այդ թույլատվությունից, անցյալ տարի նման 2 Ձմեռ պապ է զրկվել քաղաքում ծառայություն մատուցելու լիազորությունից:

Ձմեռ պապի ու Ձյունանուշի հրավիրման ծառայություն առաջարկող տարբեր կազմակերպությունների տնօրեններ և պատասխանատուներ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ տնտեսական ճգնաժամը և Ամանորյա թանկացումները իրենց վրա չեն անդրադարձել, և որոշ դեպքերում այդ ծառայությունը անգամ էժանացել է:

«Happy day» ընկերությունից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ դեկտեմբերի 31-ին Ձմեռ պապի և Ձյունանուշի այցելությունը տներ արժե 15 հազար դրամ, ժամը 12.00-ին` 40 հազար դրամ, որից հետո գինը նորից նվազում է:
«Կան շատ կազմակերպություն, որոնց աշխատակիցները դերասան չեն, և նրանք բավարարվում են 3000 դրամ վարձատրությամբ` կես ժամ աշխատելու համար:  Մեզ մոտ մոտեցումն այլ է, ունենք հավատարիմ հաճախորդներ, իսկ պատվերներ, իհարկե, կան, որ մերժում ենք, օրինակ, հեռու վայրեր կամ էլ մարզեր այցելությունը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ քաղաքացիները Ձմեռ պապ տուն հրավիրելուց առաջ պետք է լուրջ կազմակերպությունների դիմեն և անհայտ ծագման «Ձմեռ պապերի» ծառայությանը չվստահեն:

«Your Holiday» ընկերությունից հայտնեցին, որ դեկտեմբերի 31-ին այցելությունը արժե 15 հազար դրամ, ժամը 24.00-ին`3 5-40 հազար դրամ: «Ձմեռ պապիկի ու ձյունանուշի ծրագիրը տևում է 15-20 րոպե, ամեն ինչ հստակ ֆիքսված է, թե նրանք ինչ պետք է անեն, մատուցում են նվերներ և ապահովում ուրախ տրամադրություն: Հիմնական պահանջներից են, որ հաճախ հարցնում են, Ձյունանուշը սիրուն է, թե չէ, մեկ էլ, որ Ձմեռ պապիկը աշխույժ լինի: Բացի այդ, այս տարի առաջարկում ենք նաև կասկադյոր Ձմեռ պապերի ծառայություն, որոնք կմտնեն տուն պատուհանից և նվերներ կհանձնեն երեխաներին»,- ասաց նա:

Իսկ «Բումբումիկ» ընկերությունից հայտնեցին, որ Ձմեռ պապի ու Ձյունանուշի այցելության միջին արժեքը 20 հազար դրամ է, և սպառողը պետք է վստահելի կազմակերպության դիմի, որը երկար տարիներ է գործում, գրանցված ՍՊԸ ունի:

Ինչպես և որտեղ գտնել իսկական Ձմեռ պապ