«Ազգային միաբանություն», ՔԴՄ-ն և ՍԻՄ-ը կսատարեն Սերժ Սարգսյանին
07/01/2013 17:41

«Ազգային միաբանություն», ՔԴՄ-ն և ՍԻՄ-ը կսատարեն Սերժ Սարգսյանին

Արտաշես Գեղամյանի ղեկավարած «Ազգային միաբանություն» կուսակցությունը, Խոսրով Հարությունյանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) և Հայկ Բաբուխանյանի գլխավորած «Սահմանադրական իրավունք» միությունը (ՍԻՄ) առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Այս որոշումները, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, քաղաքական երեք ուժերի ղեկավարները, ովքեր անցած գարնանը իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ստացել են պատգամավորական մանդատներ, միանձնյա չեն կայացրել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  Արտաշես Գեղամյանն ասել է, որ Սերժ Սարգսյանին սատարելու մասին ինքը հայտարարել է դեռ անցած տարվա փետրվարին` իր նախավերջին գրքի շնորհանդեսում, իսկ վերջին` «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսի ժամանակ վերահաստատել է այդ մտադրությունը:

Գեղամյանը հավելել է, թե դա նաև «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության տեսակետն է:

ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհուրդը գործող նախագահի թեկնածությունը սատարելու որոշումն ընդունել է անցած տարեվերջին` հաշվի առնելով, Հայկ Բաբուխանյանի ձևակերպմամբ` «կուսակցության անդամների և համակիրների հոծ բանակի ցանկությունը»:

ՔԴՄ-ն պաշտոնապես իր տեսակետը դեռ չի հրապարակել, բայց, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը` «կուսակցությունն իր դիրքորոշումը, անկասկած, կարտահայտի»:

«Թեպետ, կարծեք թե, հայտնի է դիրքորոշումը: Եվ ակնհայտ է, որ մեր քաղաքական խորհրդի որոշումը կլինի, որ առաջիկա ընտրություններում մենք անվերապահ կպաշտպանենք նախագահ Սարգսյանի թեկնածությունը», - հավելել է նա:

«Ազգային միաբանություն», ՔԴՄ-ն և ՍԻՄ-ը կսատարեն Սերժ Սարգսյանին