ԿԸՀ. Ձևավորվել է 41 ընտրատարածք
07/01/2013 15:16

ԿԸՀ. Ձևավորվել է 41 ընտրատարածք

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում արդեն ձևավորվել է 1988 ընտրատեղամաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը:

Երևանի 13 ընտրատարածքներում կազմավորվել են 450-ից ավել տեղամասեր, Արագածոտնում` մոտ 140, Արարատում` շուրջ 150, Արմավիրում` շուրջ 170, Գեղարքունիքում` մոտ 150: Կոտայքում ձևավորվել է շուրջ 130 ընտրատեղամաս, Լոռիում` 220, Շիրակում` 220, Սյունիքում` մոտ 150, Վայոց ձորում` 53, Տավուշում` մոտ 100:

Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է հունվարի 4-ին, նույն օրը մեկնարկել է գրանցումների փուլը: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու հայտ էին ներկայացրել 15 թեկնածուներ: Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար դեկտեմբերի 27-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փաստաթղթերը:

Ընտրապայքարին պատրաստվում էին մասնակցել նաև Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան, «Բարգավաճ Հայաստան‰ կուսակցության անդամ Ռուբեն Այվազյանը, «Ժառանգություն‰ կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Քաշաթաղ‰ ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, «Ազատություն‰ կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նարինե Մկրտչյանը, «Փախստականները և միջազգային իրավունքը‰ բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, և անկուսակցական Ռոբերտ Ահարոնյանը, ով չի աշխատում:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են նաև «Ռադիո Հայ>‰ ՍՊԸ ժողովի նախագահ Անդրեաս Ղուկասյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, «Ազգային ինքնորոշում միավորում>‰ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը և անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն>‰ կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

Այնուամենայնիվ, նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են միայն 7 թեկնածուներ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն‰ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն‰ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը: Ընտրագրավի չվճարելը ենթադրում է առաջադրված թեկնածուների գրանցման մերժում:

Առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետը հունվարի 4-14-ն է: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունվարի 21-ին, կավարտվի փետրվարի 16-ին: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8-ի ժամը18:00-ն է: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի փետրվարի 9-ին` Երևանի ժամանակով ժամը 08:00-ին, կավարտվի փետրվարի 13-ին ժամը 20:00-ին: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին` ժամը 08:00-ին և կավարտվի 20:00-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին:

ԿԸՀ-ն վերահաստատել է կայանալիք նախագահական ընտրությունների ազատ և արդար, թափանցիկ անցկացման պատրաստակամությունը: Ընտրական օրենսգրքում ամրագրված մեխանիզմները լիարժեք հնարավորություն են տալիս նման ընտրություն անցկացնելու: Գործընթացի ցանկացած փուլին հետևելու և հասարակական վերահսկողություն իրականացնելու հնարավորություն է ընձեռված:

ԿԸՀ. Ձևավորվել է 41 ընտրատարածք