.jpg)
Առաջարկ. Ներդրումային քաղաքականություն՝ Ջավախքի զարգացման համար
Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ջավախահայությունն ընդհանուր, արդյունավետ ներդրումային քաղաքականություն է առաջարկել Սամցխե-Ջավախքի զարգացման համար:
«Ռուսաստանի ջավախահայություն» հասարակական կազմակերպությունից հայտնում են, որ Սամցխե- Ջավախքի հետ տնտեսական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը բավականին խոստումնալից են: Տեղի իշխանությունները և բնակչությունը հետաքրքրված են արտասահմանյան կապիտալի ներհոսքի և տնտեսական բոլոր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրացման հարցում:
Ջավախքի ղեկավարության կարծիքով` արտասահմանյան ներդրողներին կհետաքրքրի բիզնեսի զարգացումը Ջավախքում՝ հաշվի առնելով աշխարահաքաղաքական դիրքը, հարևանությունը աշխարհի կարևորագույն երկաթգծային առևտրային ճանապարհներին, որոնք կապում են Եվրոպան և Ասիայի երկրները:
Վրաստանի կառավարությունը, աղբյուրի փոխանցմամբ, պատրաստականություն է հայտնել դիտարկել ցանկացած ներդրումային առաջարկ, որը կարող է դրական ազդեցություն ունենալ Ջավախքում, մասնավորապես` տնտեսության հարցում: Այս առումով աջակցություն է գտնում ներդրողների սոցիալական համակարգեր ստեղծելու և զարգացնելու ցանկությունը, թեկուզև փոքր ձեռնարկությունների ստեղծումը , մասնավորապես` գյուղատնտեսական մթերքների՝ կաթի, մսի, ձկան վերամշակման և արտադրության համար:
Ջավախքի համար կարևոր նշանակություն ունի շինարարական նյութերի արտադրանքը, նորոգման համար անհրաժեշտ տեխնիկան, կենցաղային իրերի արտադրանքը:
Ռուսաստանի ջավախահայության կողմից առաջարկված ծրագրում չեն փորձել մատնանշել կոնկրետ ոլորտներ, որտեղ պետք է ուղղորդել ներդրումային հոսքերը:
Ջավախքի զարգացման գերակայությունները պետք է որոշի Ջավախքի ղեկավարությունը՝ քննարկելով տեղական բնակչության հետ, որից հետո կարելի է կոնկրետ որոշումներ ընդունել, պլան մշակել և հասնել դրա կատարմանը: Աշխատանքը մեծ է և այն հնարավոր չէ իրագործել` ընդունելով մեկ-երկու որոշում: Մեծ աշխատանք է պահանջվում շրջանի բոլոր գերատեսչությունների և բնակչության կողմից: