Իլհամ Ալիևը ստիպված է ընտրել նախիջևանյան և Փաշաևների կլանների միջև
08/01/2013 20:23

Իլհամ Ալիևը ստիպված է ընտրել նախիջևանյան և Փաշաևների կլանների միջև

Ադրբեջանի իշխանության ներսում խմբավորումների միջև պայքարը վերահսկողությունից դուրս է եկել` Ադրբեջանի բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաևի տարածած տեսանյութերի և արած հայտարարություններից հետո: Այդ մասին ադրբեջանական «Ազադլիգ» թերթին տեղեկացրել է ներիշխանական աղբյուրը:

Աղբյուրը հայտնել է, որ դեռ պատգամավորական մանդատների առքուվաճառքի մասին տեսանյութերի տարածումից առաջ, ներիշխանական հիմնական երկու խմբավորումների` Փաշաևների և նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի գլխավորած նախիջևանյան կլանի միջև հակամարտությունը սկսվել էր սրվել: Իսկ վերջին սկանդալը ավելի է խորացրել այդ հակամարտությունը:

Իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել այն բանից հետո, երբ Ռամիզ Մեհդիևը հաստատել է, որ Էլշադ Աբդուլլաևին ընդունել է ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի հատուկ խնդրանքով, ով Փաշաևների մարդ է հանդիսանում: Հակառակ կողմում Ռամիզ Մեհդիևի այդ հայտարարությունը գնահատվել է որպես «անցում դեպի ակտիվ պատերազմական գործողությունների»:

Համաձայն աղբյուրի այս դիմակայության մեջ դեռևս պարտվում է Մեհդիևը: «Ռամիզ Մեհդիևին մոտ ուժերը երկմտության մեջ են: Նրանք բաժանվում են երեք խմբի: Առաջին խումբը վախենում է, որ Ռամիզ Մեհդիևին պաշտպանելու դեպքում կարող են դառնալ ազգային անվտանգության նախարարության թիրախը: Այս անձինք ենթադրում են, որ հակառակ կողմն իրենց նկատմամբ լուրջ կոմպրոմատներ ունի: Երկրորդ խմբի անձիք վախենում են, որ Գյուլեր Ահմեդովային հարցաքննելու դեպքում կարող են բացահայտվել նաև իրենց կոռուպցիոն գործողությունները: Երրորդ խմբի անձիք սպասում են, թե այդ ամենին ինչպես կարձագանքի Իլհամ Ալիևը: Այս խմբի մարդիկ կցուցադրեն երկրի առաջին դեմքի դիրքորոշմանը համապատասխան վարք»,- հայտնում է աղբյուրը:

Նշվում է, որ վաղ թե ուշ Ալիևը ստիպված է լինելու ընտրություն կատարել: «Իլհամ Ալիևը ներիշխանական ինտրիգներն իրեն ցանկալի հունով տանելու` Ալիև ավագի շնորհքը չունի: Փաշաևների կամ էլ Ռամիզ Մեհդիևի միջև նրա ընտրությունը չի կարող շտկել իրավիճակը: Հակառակը, դրանից հետո կսկսվի իրական սկանդալը»,- հայտնել է աղբյուրը 

Իլհամ Ալիևը ստիպված է ընտրել նախիջևանյան և Փաշաևների կլանների միջև