ՄԻԵԴ-ը սկսել է Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր գանգատների քննությունը
08/01/2013 18:26

ՄԻԵԴ-ը սկսել է Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր գանգատների քննությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանի գանգատների քննությունը։ ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել կառավարությանը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը: 

Աղբյուրի փոխանցմամբ, Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների գանգատներն առնչվում են 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների շրջանում նրանց ոստիկանություն բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու, նրանց դեմ հարուցված գործերի քննությանը:

Գագիկ Ջհանգիրյանի գանգատի մասով Եվրադատարանը հարց է ուղղել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով՝ անկախ քաղաքական համոզմունքից խտրականության արգելում, խախտման վերաբերյալ:

Ըստ հաղորդագրության, ընդդեմ Հայաստանի Հանրապետության գանգատներում (երեք գանգատներից երկուսը միավորվել են մեկ վարույթում) Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է Կոնվենցիայի թվով 8՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ, 18-րդ հոդվածներով խախտումները՝ կյանքի իրավունք, խոշտանգումների արգելում, ազատության և անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքներ, արտահայտվելու, հավաքների ու միավորման ազատություն, խտրականության արգելում, իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները:

Իսկ Վարդան Ջհանգիրյանի երկու գանգատներում, որոնք միավորվել են մեկ վարույթում, բարձրացվում են Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ և 13-րդ հոդվածների՝ խոշտանգումների արգելում, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, խախտումների հարցերը:
 

ՄԻԵԴ-ը սկսել է Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր գանգատների քննությունը