Տեղեկանք. Կիպրոսի հայ համայնքը անջնջելի հետք է թողել Կիպրոսի պատմության մեջ
08/01/2013 21:22

Տեղեկանք. Կիպրոսի հայ համայնքը անջնջելի հետք է թողել Կիպրոսի պատմության մեջ

Դեռևս IV–V դարերում Կիպրոսում եղել են հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ: VI դարի վերջին բյուզանդական Մորիկ կայսրը Հայաստանից Կիպրոս է աքսորել մեծ թվով հայ ապստամբների: Կիպրոսի կառավարիչների թվում եղել են հայ Ալեքսիս զորավարը, Վասիլ Հայկազնը:

Իսկ XII դարում խնամիական կապեր են ստեղծվել Կիպրոսի Լուսինյան և Կիլիկյան Հայաստանի թագավորական ընտանիքների միջև. Կիլիկիայի անկումից հետո Կիպրոսի թագավորները տեր են դարձել հայկական թագավորության ժառանգական իրավունքին և իշխել որպես «թագավոր հայոց»:

Կղզու գրեթե բոլոր խոշոր բնակավայրերում հնուց ի վեր եղել են հայկական եկեղեցիներ, որոնցից նշանավորը Սուրբ Մակար կամ Կապույտ վանքն է (560 թ.): XII–XV դարերում Կիպրոսում հիշատակվում են հայկական գյուղեր (օրինակ՝ Արմենիխորը), քաղաքներում՝ հայկական թաղամասեր ու փողոցներ:

Կիպրոսի հայ համայնքը ստվարացել է 1920-ական թվականներին՝ Մեծ եղեռնից ու Կիլիկիայում թուրքական բռնություններից փրկված հայերի հաշվին: Ներկայումս Կիպրոսում բնակվում է շուրջ 3.500 հայ (Նիկոզիայում, Լառնակայում, Ֆամագուստայում):

Նրանք մեծ մասամբ արհեստավորներ են, առևտրականներ, ձեռնարկատերեր: Կան նաև արվեստագետներ, բժիշկներ, ուսուցիչներ, պետական ծառայողներ: Գործում են հայ առաքելական 3 եկեղեցիներ (Նիկոզիայի Սուրբ Աստվածածին, Լառնակայի Սուրբ Ստեփանոս, Լիմասոլի Սուրբ Գևորգ), «Նարեկ» ազգային վարժարանը, ինչպես նաև հասարակական-քաղաքական, մշակութային, բարեգործական մի շարք կազմակերպություններ, Մելգոնյան կրթական հաստատությունը (փակվել է 2005 թ-ի հունվարին): Լույս են տեսնում «Տեղեկատու», «Կիպրահայ տեղեկատու», «Արձագանք», «Հայացք», «Փարոս» պարբերականները: Գործում է հայկական ռադիոժամ:

1974-ին թուրքական զորքերի ներխուժումից և Կիպրոսի մի մասի բռնագրավումից հետո, այդ շրջանի հայերը տեղափոխվեցին հունական գոտի, իսկ որոշ մասը արտագաղթեց երկրից։

1982 թ-ին Կիպրոսի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը:

Կիպրոսի հայերը ներկայացված են նաև կառավարման համակարգում` Մարիոս Գարոյանն 2008թ.-ին ընտրվեց Կիպրոսի խորհրդարանի (Ներկայացուցիչների պալատ) նախագահ։

Նա 2006թ. հոկտեմբերի 22-ից Կիպրոսի առաջատար քաղաքական կուսակցություններից մեկի՝ Ժողովրդավարական կուսակցության նախագահն է։ Կիպրոսաբնակ հայությունն ունի կրոնական համայնքի կարգավիճակ։

Հայ համայնքը Ներկայացուցիչների պալատում ունի 1 ներկայացուցիչ։ Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչն է նշանավոր գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսյանը։
 

Տեղեկանք. Կիպրոսի հայ համայնքը անջնջելի հետք է թողել Կիպրոսի պատմության մեջ