.jpg)
ԻԻՀ ԱԳՆ. Իրանը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը
Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Այս մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներայացուցիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցին, մասնավորապես նշել է. «Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ հակամարտության շուրջ ունեցած իրենց տարաձայնությունները պետք է հարթեն բանակցությունների միջոցով: Իրանը պատրաստ է հակամարտության լուծման ուղղությամբ օգատգործել իր բոլոր հնարավորությունները»:
«Չպետք է այնպիսի ուղով ընթանալ, որ տարածաշրջանի երկրների միջև առկա տարաձայնությունները հանգեցնեն անկայունության և տարածաշրջանի երկրների ժողովուրդների կյանքին վտանգ սպառնա»,- նշել է Ռամին Մեհմանփարաստը:
Արցախյան հակամարտության ժամանակակից փուլը սկիզբ է առել 1988թ-ին, երբ ի պատասխան 1921 թ. խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնակչության ինքնորոշման խաղաղ պահանջին` Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտումներ իրականացրեցին հայ ազգաբնակչության նկատմամբ նախ` Ադրբեջանի մեծ քաղաքներում, ապա Արցախում: 1991թ-ի սեպտեմբերին Արցախը հռչակեց անկախություն, որի արդյունքում Ադրբեջանը սաստկացրեց բռնությունները և սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի դեմ: Ռազմաճակատում մի շարք պարտություններից հետո Ադրբեջանի իշխանությունները 1994թ. մայիսին ստիպված էին զինադադար խնդրել Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): Ներկայումս հակամարտության կարգավորման բանակցությունները իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների(Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007-ի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան առաջարկների հիման վրա:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանը դեմ է ԼՂ հակամարտության ռազմական լուծմանը
Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. ԼՂ հարցում Իրանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ