.jpg)
Ա. Խամենեի. Անընդհատ մի՛ կրկնեք, թե ընտրությունները պետք է ազատ լինեն
Թշնամուն մի ՛ օգնեք և անընդհատ մի ՛ կրկնեք, թե ընտրությունները պետք է ազատ լինեն:
Այդ մասին իրանական «շոմալնյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը, այսօր Ղոմի բնակչության հետ հանդիպման ժամանակ, դիմելով առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուներին և ընտրությունները կազմակերպող պատասխանատու պաշտոնյաներին, մասնավորապես նշել է. «Յուրաքանչյուր ընտրությունից առաջ թշնամին փորձում է անվստահության մթնոլորտ սերմանել բնակչության շրջանում, սակայն Իրանի ժողովուրդն այնքան խելամիտ է, որ չի խաբվում: Թշնամուն մի ՛ օգնեք և անընդհատ մի ՛ կրկնեք, թե ընտրությունները պետք է ազատ լինեն, իսլամական հեղափոխությունից ի վեր 34 ընտրություն է անցկացվել, ո ՞ րը ազատ չի եղել»:
Նշենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունեն 2013թ. հունիսի 14-ին: Այս տարի լրանում է ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության երկրորդ շրջանը և համաձայն այդ երկրի սահմանադրության՝ նախագահն այլևս չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին:
Ս.թ. մարտին Իրանում տեղի ունեցած 9-րդ գումարման Մեջլիսի ընտրություններից հետո Իրանի քաղաքական շրջանակներն սկսել են ավելի հաճախակի քննարկել 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների թեման:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ ԻԻՀ նախագահի հավանական թեկնածուներ են համարվում ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, ԻԻՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, (Մ. Ահմադինեժադի խնամի) Էսֆանդիար Ռահիմ Մաշային, ինչպես նաև Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: