Արա Պապյան. Աշխարհն այսօր կանգնած է քրդական պետության ստեղծման նախաշեմին
08/01/2013 19:59

Արա Պապյան. Աշխարհն այսօր կանգնած է քրդական պետության ստեղծման նախաշեմին

«Վերջին տարիներին քրդական գործոնն ակտիվացել է Մերձավոր Արևելքում և ոչ միայն: Դա կապված է ոչ այնքան Սիրիայի շուրջ իրադարձությունների հետ, այլ հիմնականում Իրաքի հյուսիսում քրդերի ակտիվության հետ, քանի որ այնտեղ նրանք ավելի մեծաթիվ են և ավելի կազմակերպված»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մերձավոր Արևելքում քրդական գործոնի ակտիվացմանը և Քրդստան պետության ստեղծման հնարավորությանը՝ ասաց «Մոդուս-Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նա նշեց, որ ըստ էության, աշխարհն այսօր կանգնած է քրդական պետության ստեղծման նախաշեմին և բոլոր հետազոտությունները վկայում են այդ մասին:

«2013 թ.-ի թուրքական հետազոտությունները վկայում են այն մասին, որ առաջիկայում տարածաշրջանում տեղի կունենան ինստիտուցիոնալ փոփոխություններ, կստեղծվեն ինստիտուցիոնալ նոր կառույցներ և հասկանալի է, որ խոսքը գնում է պետության ստեղծման մասին»,- ասաց Պապյանը:

Բանախոսի կարծիքով, այդքան մեծաթիվ և մեծ տարածքի վրա ապրող քուրդ ժողովուրդը պետք է ունենա պետություն, և դրանով շահագրգռված մի շարք պետություններ կան, մասնավորապես Իսրայելը, որը այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:

«Մենք հայերս պետք է դա նկատի ունենանք և առաջիկայում ավելի սերտ համագործակցենք քրդերի հետ, որ չկանգնենք փաստի առջև և օգտագործենք այդ փոփոխությունները ի նպաստ մեզ»,- նշեց նա:

Ա. Պապյանը, անդրադառնալով քրդերի միջև համերաշխության մասին հարցին, նկատեց, որ որոշակի համերաշխություն քրդերի միջև գոյություն ունի և չպետք է մոռանալ, որ Քրդական աշխատավորական կուսակցության շատ ճամբարներ գործել են և գործում են Իրաքի տարածքում:

Նրա խոսքով՝ քրդերը մշտապես ապրել են աշիրաթական ցեղային համակարգերով, ունեն լեզվական զգալի տարբերություններ` կուրմանջի և սորանի լեզվաընտանիքներ են բաժանվում:

«Քրդերի մոտ նկատվում է քաղաքական հասունության գործընթաց և աշիրաթական համակարգը սկսել է քայքայվել, և եթե Հայոց ցեղասպանության ժամանակ քրդական ինքնությունը ավելի շատ կրոնական էր, ապա հիմա քրդերի ինքնությունն ունի ավելի շատ ազգային, էթնիկ բնույթ»,- հավելեց Ա. Պապյանը:

 

Արա Պապյան. Աշխարհն այսօր կանգնած է քրդական պետության ստեղծման նախաշեմին