Հայաստանի Հանրապետության ամենահարուստ դեսպանները. Ճանաչեք նրանց
09/01/2013 17:49

Հայաստանի Հանրապետության ամենահարուստ դեսպանները. Ճանաչեք նրանց

Ի՞նչ եկամուտ ունեն ՀՀ դեսպանները:  Hetq.am-ը հարցի պատասխանը գտնելու նպատակով ուսումնասիրել է Հայաստանի Հանրապետության դեսպանների գույքի և եկամուտների հայտարարագրեր: 

Անդրանիկ Մանուկյանը 2010 թ. ապրիլի 26-ից զբաղեցնում է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Մինչ այդ եղել է տրանսպորտի և կապի նախարար, ապա ՀՀ նախագահի խորհրդական:

Գույքի ու եկամուտների հայտարարագրերի համաձայն` 2005 թ. Անդրանիկ Մանուկյանն ունեցել է 233 մլն 136 հազար 456 դրամի եկամուտ, որից 3 մլն 716 հազար 448 դրամը աշխատավարձն է եղել: Ունեցել է նաև արտարժույթով եկամուտ` 2 մլն 276 հազար 839 դոլար:

Ա. Մանուկյանը 2006թ. ունեցել է 110 մլն 192 հազար 963 դրամ, որից 3 մլն 532 հազար 963 դրամը աշխատավարձն է եղել, բացի այդ` ունեցել է 1 մլն 561 հազար 790 դոլարի եկամուտ: Կինը ունեցել է 19 մլն 780 հազար դրամ և 3200 դոլար:

Դեսպանի պաշտոնում Անդրանիկ Մանուկյանի դրամական եկամուտներն ավելացել են: 2011թ. Անդրանիկ Մանուկյանն ունեցել է 100 մլն 202 հազար 437 դրամի եկամուտ, որը գոյացել է ներդրած ավանդի տոկոսներից: Եթե նշվածը միայն մեկ տարվա տոկոսագումարն է, ապա դժվար չէ պատկերացնելը, թե քանի զրո պետք է ունենա մայր գումարը: Դեսպանը ունեցել է նաև 21 հազար 536 դոլարի եկամուտ, որը աշխատավարձն է:

Բացի այդ, Անդրանիկ Մանուկյանն ունի 450 մլն դրամ (2011թ. սկզբին` 425 մլն), 6 մլն 600 հազար դոլար և 500 հազար եվրո:

Նույն աղբյուրի փոխանցամամբ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, 2008 թ.-ից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է (համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Վիետնամի Սոցիալիստական, Կորեայի և Սինգապուրի Հանրապետություններում): Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ Արմեն Սարգսյանը համալրել է հարուստ դեսպանների շարքը:

Դեսպանի 2011 թ. տարեկան եկամուտը եղել է մոտ 1 մլն 484 հազար դրամ, կենսաթոշակը և աշխատավարձը` 31 հազար 716 դոլար:

2011-ին նրա հաշվին եղել է 11 մլն 480 հազար դրամ`տարեսկզբի 10 մլնի փոխարեն, 110 հազար դոլար` 85 հազարի փոխարեն, 40 հազար չինական յուան` 38 հազարի փոխարեն և 10 հազար եվրո:

Արմեն Սարգսյանի կինը` Սուսաննա Սարգսյանը, նշված տարում ունեցել է 2640 դոլարի եկամուտ, որը ստացել է դիվանագետի ընտանիքի անդամի համար նախատեսված փոխհատուցումից: Սակայն դեսպանի կնոջ հաշվին եղել է 3 մլն դրամ (2011 թ.-ի սկզբին 2 մլն 700 հազար դրամ), 25 հազար դոլար (տարեսկզբին` 18 հազար դոլար) և 30 հազար յուան (տարեսկզբին` 25 հազար):

Հարուստ դեսպանների ցանկում է նաև ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում և Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

2011 թ. նա ունեցել է 35 հազար 160 դոլարի եկամուտ, որից 33 հազար 156 դոլարը աշխատավարձն է, իսկ մնացածը` դիվանագետի ընտանիքի անդամի փոխհատուցումը:

Նշված տարվա սկզբին Արմեն Խաչատրյանն ունեցել է 251 մլն դրամ, իսկ տարեվերջին` 247 մլն, ինչպես նաև 59 մլն դրամ տարեսկզբի 42 հազար դոլարի փոխարեն:

Հայաստանի Հանրապետության ամենահարուստ դեսպանները. Ճանաչեք նրանց