.jpg)
Իվանիշվիլին նոր մոտեցումներ ունի տարածաշրջանային անվտանգության հետ կապված
«Այս օրերին լրացավ Բիձինա Իվանիշվիլիի կառավարման 100 օրը. կարելի է առանձնացնել արտաքին հարաբերությունների հետ կապված զարգացումները, որոնք հիմնականում կապ ունեն վրաց-ռուսական հարաբերությունների նոր մեկնարկի հետ»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանի ներքաղաքական զարգացումներին և Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի հետ կապված վերջին զարգացումներին ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա նշեց, որ Իվանիշվիլիի առաջին այցը տեղի ունեցավ Բրյուսել, ինչից հետո Վրաստանի նոր վարչապետն այցելեց Ադրբեջան և մոտակա ժամանակներս սպասվում է նրա այցը Հայաստան:
«Իվանիշվիլին, հնարավոր է, հանդիպում ունենա նաև ՌԴ-ի ղեկավարության հետ, եթե ոչ ՌԴ-ի տարածքում, ապա եվրոպական ինչ որ երկրի տարածքում»,- նշեց փորձագետը:
Ջ. Մելիքյանը ասաց, որ Վրաստանի կառավարությունը սկսում է աշխատել նոր ձևաչափով` Իվանիշվիլին նոր մոտեցումներ ունի տարածաշրջանային անվտանգության հետ կապված:
«Իվանիշվիլիի այցից առաջ հայտարարվել է, որ այն ցույց է տալիս, որ Հայաստանի կարծիքը տարածաշրջանային զարգացումների հետ կապված շատ կարևոր է վրացական կողմի համար»,- ասաց բանախոսը:
Նրա խոսքով՝ 2012 թ.-ի Վրաստանի բյուջեն ընդունել էին հին իշխանությունները, իսկ 2013 թ.-ի նոր բյուջեն ընդունվել է Իվանիշվիլիի կառավարության կողմից և նրանք կփորձեն հենց հունվարից իրականացնել իրենց նախընտրական խոստումները` հենվելով այս բյուջեի վրա:
Մելիքյանը նշեց, որ այս տարվա ընթացքում պարզ կդառնա, թե ինչպես են Վրաստանի նոր իշխանությունները կատարում իրենց խոստումները և գործում արդյունավետ:
Անդրադառնալով Վրաց պատրիարք Իլյա 2-րդին վերագրվող արտահայտությունների թեմային բանախոսը նկատեց, որ ինքը չի կարծում, որ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը արել է այդպիսի հայտարարություն Ղարաբաղի հետ կապված, քանի որ «Վրացական երազանք» կոալիցիայի անդամները և անձամբ Իվանիշվիլին շատ սերտորեն կապված են Վրաստանի պատրիարքարանի հետ` Իլյա 2-րդը չէր գնա այսպիսի քայլի:
«Իլյա 2-րդը Բիձինա Իվանիշվիլիի Հայաստան այցին ընդառաջ չէր անի այդպիսի հայտարարություն: Առավելագույնը, ինչ կարող է ասած լինի Վրաստանի պատրիարքը, դա այն է, որ Վրաստանը և Ադրբեջանը ունեն տարածքային խնդիրներ` առանց բացելու չակերտները»,- նշեց Ջ. Մելիքյանը:
Մելիքյանը հավելեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք ներկա են գտնվել Փաշազադեի և Իլյա 2-րդի հանդիպման խեղաթյուրել են պատրիարքի ասածները և իրենց ձեռնտու լույսո ներքո են ներկայացրել նրա արտահայտությունը: