.jpg)
Լ. Սարգսյան. Ինքնակոչների հայտարարություն է՝ ՍԴՀԿ-ն չի սատարում Սարգսյանին
Քիչ առաջ Aysor.am-ի խմբագրությունը ՍԴՀԿ լրատվական ծառայությունից հաղորդագրություն ստացավ, ըստ որի, կուսակցությունն ընդլայնված նիստում որոշում է կայացրել 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հաշվի առնելով, որ ՍԴՀԿ-ն ՀԱԿ անդամ է` Aysor.am-ը ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից փորձեց պարզել, թե ի՞նչ հայտարարություն է դա և ի՞նչ է նշանակում: Լսելով հարցը` Լ. Սարգսյանը նախ լիաթոք ծիծաղեց, ապա ասաց, որ դա ոչ թե ՍԴՀԿ-ի, այլ` ինքնակոչների հայտարարություն է. «Այդ ինքնակոչները վայելում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի աջակցությունը: Այդ անձինք արդեն 3 տարի է՝ պայքարում են, որ մեզանից խլեն կուսակցությունը: Հետևաբար` նրանք կեղծ փաստաթղթեր են ստացել, պետռեգիստրում կարողացել են գրանցում ստանալ»,- ասաց նա` հավելելով, որ հիմա դատական գործընթաց է գնում:
Լ. Սարգսյանը պատահական չհամարեց նման հայտարարության համար ընտրված ժամանակահատվածը, երբ առաջիկայում սպասվում են նախագահական ընտրություններ, թե «իբր ավանդական ՍԴՀԿ-ն աջակցում է Սերժ Սարգսյանին»:
Հարցին, թե ի՞նչ ընթացքում է դատական գործընթացը, Լ. Սարգսյանը պատասխանեց, թե այն հավանավբար, կավարտվի նախագահական ընտրություններից հետո, «հետևաբար՝ որևէ հայտարարություն, որ կհնչի ինքնակոչների կողմից, չի կարող համարվել օրինական»: