.jpg)
Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիները ժամեր անց Երևանում կլինեն
Եգիպտոսից Երևան չվերադարձած 130 քաղաքացիները մոտակա ժամերի ընթացքում կլինեն Երևանում: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին «Festa Tour» տուրիստական գործակալությունից:
«Մեր միջև առկա բոլոր խնդիրները լուծված են, ուշացումը տեխնիկական պատճառով է եղել»,- հայտնեցին գործակալությունից: Հարցին, իսկ արդյոք խնդիրը գումարի փոխանցման հետ էր կապված, գործակալությունից հրաժարվեցին մեկնաբանել, նշելով, որ գործակալության տնօրենը այս պահին Հայաստանում չէ:
Իսկ իրենց պայմանագրում կա՞ որևէ կետ, որով սահմանվում է, արդյոք քաղաքացիները կստանան դրամական փոխհատուցում, թե ոչ հարցին ի պատասխան հայտնեցին, որ իրենց պայմանագիրը տոմսի հետևում ամրագրված օրենքն է, որի համաձայն, եթե ուղևորը տույժ է կրել, իրենք կփոխհատուցեն:
Նշենք, որ մամուլում առկա տեղեկատվության համաձայն, երեկ ՀՀ քաղաքացիները մնացել են Եգիպտոսի օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ, քանի որ տուրիստական գործակալությունը նրանց անհրաժեշտ գումարը չի փոխանցել: «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ Շարմ էլ Շեյխից մեկ ինքնաթիռ ժամանել է գիշերը 03.15-ին` ժամը 18.00-ի փոխարեն, իսկ երկրորդ չվերթի վայրէջքը պետք է կայանար ժամը 02.00-ին: