.jpg)
«Նախագահի ընտրություններում կլինի բազմազանություն, բայց ոչ` մրցակցություն»
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները, ակնհայտ է, որ չեն կեղծվի, և դա կապված չէ միայն առաջադրված թեկնածուներով: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների որակի և ակնկալիքների մասին, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Խորհրդարանական ընտրությունները, քաղաքագետի խոսքերով, ցույց տվեցին, որ այնուամենայնիվ, Հայաստանը ճիշտ ճանապարհին է, և ընտրությունների որակը լավանում է:
Նրա գնահատմամբ` ոչ մի նախադրյալ չկա, որ այս նախագահական ընտրությունները կկեղծվեն: «Հաշվի առնելով, որ գործող նախագահին համահավասար մրցակից չկա, ակնհայտ է, որ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման, նվերների, կաշառքների բաժանման առիթ չի լինի: Բոլոր թեկնածուներին կտրվի հավասար հնարավորություն, իսկ ընտրությունները կանցնեն նորմալ մթնոլորտում»,- կարծում է Ս. Գրիգորյանը:
Քաղաքագետը բացառում է, որ կլինի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. «Կունենանք մի փոքր խնդիր, այն է` այս թեկնածուներով մրցակցություն չի լինի, սակայն կլինի արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ և գործող նախագահ Սերժ Սարգսյանն առաջին փուլով կվերընտրվի»:
Շարունակելով խոսքը` Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ թեև Սերժ Սարգսյանի և մյուս թեկնածուների «կլասը» տարբեր է, սակայն կան ևս մեկ-երկու թեկնածուներ, ովքեր ճանաչված են և, ըստ նրա, կապահովեն, այսպես կոչված, բազմազանություն, սակայն ոչ մրցակցություն:
Ինչ վերաբերում է երկրորդ պատվավոր տեղին, ապա Ս. Գրիգորյանը կարծում է, որ ակտիվ քաղաքականությամբ զբաղվել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և հենց նրան էլ բաժին կհասնի երկրորդ տեղը, սակայն, քաղաքագետի կարծիքով, «Ժառանգության» առաջնորդը քիչ տոկոս կհավաքի:
Հարցին, թե ովքե՞ր պիտի առաջադրվեին, որպեսզի նախագահական ընտրություններն, իսկապես, մրցակցային լինեին, Aysor.am-ի զրուցակիցն հիշատակեց ցանկացած թեկնածուի ԲՀԿ-ից, ինչպես նաև` առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին: