«ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ն արեցին մեծ գործը. Նախագահը չի վայելի 2-րդ ժամկետը»
10/01/2013 17:36

«ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ն արեցին մեծ գործը. Նախագահը չի վայելի 2-րդ ժամկետը»

 

Ազնվագույն ընտրություններրի դեպքում էլ գործող Նախագահի ձայներն ավելի շատ են լինելու, քան` մյուս թեկնածուներինը` առաձնին-առանձին կամ բոլոր թեկնածուներինը` միասին վերցրած: Aysor.am-ի հետ զրույցում, խոսելով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների և ընտրություններից հետո հնարավոր զարգացումների մասին, նման կարծիք հայտնեց քաղաքական գործընթացների փորձագետ Արմեն Բադալյանը` բացառելով ընտրությունների երկրորդ փուլը:

Քաղտեխնոլոգն ասաց, որ ընտրությունները չսկսված՝ կարելի է ավարտված համարել, իսկ եղած թեկնածուներից ոչ ոք, ըստ նրա, չունի այն ազդեցությունն ու կշիռը, որ կարողանա ինտրիգ մտցնի քաղաքական դաշտում:

«Գործող Նախագահը շատ մեծ տոկոսներ կհավաքի՝ 70-80 տոկոս: Դա դուր չի գա արևմուտքին, որը Հայաստանի իշխանություններին հանձնարարել էր մրցակցային ընտրապայքար անցկացնել: Հետևաբար` պետք է գործող Նախագահի ստացած տոկոսները արհեստականորեն իջեցնել, իսկ մյուս թեկնածուներինը` բարձրացնել»,- ասաց Արմեն Բադալյանը:

Մանրամասնելով` քաղտեխնոլոգն ասաց, որ այս գործընթացում չորս թիվ է նկարվելու. Առաջինը՝ մասնակիցների թիվը, քանի որ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ընտրազանգվածը չի գնալու ընտրությունների, երկրորդ` նվազեցվելու են գործող Նախագահի օգտին գրանցված ձայները` հասցվելով 60-ից 65 տոկոսի: Ա. Բադալյանը կարծիք հայտնեց, որ երրորդ նկարված տվյալը վերաբերելու է երկրորդ տեղը գրաված թեկնածուին, հիմնական ընտրությունը կատարվելու է Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միջև: Ըստ քաղտեխնոլոգի՝ 2-րդ տեղը գրաված թեկնածույի օգտին կգրանցվի 15-17 տոկոս:

Հարցին, թե նախագահական ընտրություններից հետո հնարավո՞ր է դադարի ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի լռությունը, Aysor.am-ի զրուցակիցն ասաց, թե նման բան հնարավոր է, եթե հասարակական պահանջ լինի, սակայն այսօր, ինչպես ասաց Ա. Բադալյանը, հայ հասարակությունն անտարբեր է` ով կլինի իշխանություն և ով ընդդիմություն:

«ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ն արեցին ամենամեծ գործը, որպեսզի գործող Նախագահը չվայելի իր երկրորդ ժամկետը. Ստացվում է, որ նա քաղաքականապես լեգիտիմ չէ` հասարակությունը պասիվ է, իսկ ընդդիմությունը չի խանգարում նրան»:

Ի պատասխան հարցին, թե ընտրություններից հետո ի՞նչ են անելու իշխանությունն ու ընդդիմությունը, ի՞նչ իրավիճակ է լինելու քաղաքական դաշտում, Արմեն Բադալյանը նկատեց, որ հարցը հետաքրքիր է, որի պատասխանը, սակայն, կարելի է ստանալ միայն ընտրություններից հետո:

«Ներկայում որևէ ինտրիգ չկա, ինտրիգ սկսվելու է ընտրություններից մի քանի օր առաջ և հետո»,- եզրափակեց խոսքը քաղտեխնոլոգը:

 

«ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ն արեցին մեծ գործը. Նախագահը չի վայելի 2-րդ ժամկետը»